Նինձա կրիաները՝ սկզբից մինչև մեր օրեր
10-08-2023
Իսկ դու գիտե՞ս, թե ովքեր են աշխարհի ամենահայտնի «կրիաները». չէ, սա փոխաբերություն չէ, ոչ էլ չափից դուրս դանդաղաշարժ կերպարների մասին է։ Նույնիսկ հայտնի է, որ այս կրիաներն ամենևին էլ դանդաղ չեն, այլ ճկուն ու ճարպիկ են։ Խոսքը Նինձա կրիաների մասին է, որոնք 1984 թվականից ուղեկցել են ոչ միան X սերնդի ներկայացուցիչներին, այլ շատ ու շատ մեծահասակներին և դեռ չեն դադարել զարմացնել նոր սերունդներին։
Նինձա կրիաներն ութսունականներից ի վեր կիսվել են իրենց բազմաթիվ արկածներով, որոնք և՛ նման են, և՛ յուրովի տարբեր։
Արի՛ ծանոթանանք հիմնական կերպարների հետ։ Իհարկե, գլխավոր 4 «մեղավորներն» են՝ Լեոնարդոն, Դոնատելոն, Ռաֆայելը և Միքելանջելոն։ Նրանց մշտական ուսուցիչն է Սպլիտեր առնետը, որը նաև հայրական կերպար է կրիաների համար։ Կրիաներին նաև շատ հաճախ օգնում է երիտասարդ լրագրող Էյփրիլ Օ'Նիլը։
Իսկ ե՞րբ և ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց։
1984 թվականին Քեվին Իսթմենը ստեղծեց նշանավոր կրիաներին, և թողարկվեցին 62 հատորից բաղկացած սև ու սպիտակ կոմիքսներ, որոնցում բոլոր 4 կրիաներն ունեին կարմիր գլխակապ։ Այնուամենայնիվ, կրիաներից ամեն մեկն ուներ իր առանձին բենեֆիսի կոմիքսային հատորը։ Կրիաների պատմությունն առաջին անգամ հրատարակվել է Mirage Publishing-ի կողմից։ Այս կոմիքսները ստեղծել են Նինձա կրիաների գլխավոր թշնամուն՝ Շրեդերին։
Կրիաներից շատ ժամանակ չպահանջվեց էկրաններին հայտնվելու համար, և 1987 թվականին երեխաները վերջապես կարողացան այն վայելել 2D անիմացիայի տեսքով՝ Fred Wolf Film-ի շնորհիվ։ Այս ադապտացիայում կրիաներն արդեն ձեռք բերեցին իրենց գլխակապերի անհատական գույները. Լեոնարդոն՝ կապույտ, Դոնատելոն՝ մանուշակագույն, Ռաֆայելը՝ կարմիր, իսկ Միքելանջելոն՝ դեղին։ Հեռուստաշոուն թողարկել է 10 եթերաշրջան։ Այս անիմացիոն մուլտֆիլմի շնորհիվ են կրիաները համաշխարհային ճանաչում ձեռք բերել։
1990-ին կրիաները հանդես եկան նոր ձևաչափով՝ գեղարվեստական ֆիլմի տեսքով։ Նկարահանվել է երեք ֆիլմ, որոնցից առաջինն ավելի դրամատիկ, իսկ հաջորդ երկուսը կատակերգական բնույթ էին կրում։ Նույն ժամանակաշրջանում է նկարահանվել նաև մյուզիքլը։ Ֆիլմերն ավելի շատ հիմնված էին բնագիր կոմիքսների վրա և անիմացիոն մուլտֆիլմի հետ զուգահեռներն այդքան շատ չէին։
Հաջորդ հաջողություն ձեռք բերած անիմացիոն շոուն 2003-ի «Նինձա կրիաներն» էին, որոնք ունեցան 7 եթերաշրջան և ներկայացնում էին պայքարը Շրեդերի դեմ։ Նաև այստեղ ենք իմանում, թե ինչպես են ծանոթացել Էյփրիլն ու կրիաները։
2007 թվականին կրիաներն առաջին անգամ պատկերվեցին 3D անիմացիայի տեսքով։ Այս անգամ նրանք հաջողության չհասան և նախագիծը բացի մի անիմացիոն ֆիլմից թողարկեց մի քանի կոմիքս։
2009 թվականին Նինձա կրիաների հեղինակային իրավունքները գնվեցին Nickelodeon ընկերության կողմից, և IDW Publishing-ի հետ միասին սկսեցին կոմիքսների նոր շարք, որը թողարկվում է մինչ օրս։ Այս կոմիքսներով Nickelodeon-ը փոխեց կրիաների և Սպլինտերի առաջացման պատմությունը, և շատերը կարծում են, որ այն ավելի հաջող է ստացվել։ Բնականաբար մանկական մուլտֆիլմեր արտադրող հայտնի ընկերությունը չէր սահմանափակվի միայն կոմիքսներով և 2012 թվականին այն նկարահանեց եռաչափ անիմացիան՝ «Նինձա կրիաներ» վերնագրով, որն ունեցել է 5 եթերաշրջան։ Այս մուլտֆիլմի վերջին եթերաշրջանը ներկայացնում է «Կրիաների հեքիաթները», որոնք պատմում էին արկածների զարգացման տարբեր կողմերի մասին։
Հաջորդ կարևոր մասը կրկին գեղարվեստական ֆիլմի տեսքով է՝ 2014 թվականի «Նինձա կրիաները»։ Այստեղ կրիաների դերակատարները մարտական արվեստի մասնագետներ չէին, ինչպես 1990-ի ֆիլմերում, այլ դերասաններ, իսկ ռետինե կոստյումներին փոխարինել էր CGI գրաֆիկան։ Էյփրիլի դերում Մեգան Ֆոքսն էր։ 2 տարի անց թողարկվեց ֆիլմի սիքվելը, որը, չնայած որ, ավելի դրական արձագանք ստացավ երկրպագուներից, ֆինանսապես նախորդի պես հաջող չէր։ Երկու ֆիլմերի ռեժիսորը Մայքլ Բեյն էր, ով նաև աշխատել է «Տրանսֆորմերներ» ֆիլմի վրա։
2018-ին Nickelodeon-ը թողարկեց նոր անիմացիոն նախագիծ «The Rise of Teenage Mutant Ninja Turtles» վերնագրով։ Այս ադապտացիայում կրիաներն ունեին կախարդական զենքեր, որոնք ամեն մի կրիային հատուկ ուժեր էին պարգևում։ Սերիալը թողարկեց 2 եթերաշրջան, որոնք կազմված էին 15 րոպեանոց էպիզոդներից և 30 րոպեանոց վերջաբաններից։
Դե ինչ, այժմ գիտես գրեթե ամեն ինչ Նինձա կրիաների մասին, բայց միշտ կարող ես ավելին իմանալ։ Օրինակ, կարող ես գալ ԿինոՊարկ, դիտել «Նինձա կրիաները․ Մուտանտային խառնաշփոթ»-ը, իսկ եթե ուսանող ես, նաև 15% զեղչ կստանաս։