Ռեժիսոր Քրիստեֆեր Նոլան. ֆիլմերի կադրից դուրս
28-08-2023
Քրիստոֆեր Նոլանի ֆիլմերի մասին լսելիս արդեն գուշակում ես, որ կինոփորձառությունն անսովոր է լինելու։ Ոմանք նույնիսկ ասում են՝ նա խելագար է։ Ավելի դիպուկ կլինի ասել, որ նա հանճար է։
Արի՛ բացահայտենք Նոլանի կարիերայի ամենատպավորիչ իրադարձությունները։
Առեղծվածային ֆիլմացանկով նա վերագծել է կինեմատոգրաֆիայի սահմանները՝ գրավելով հանդիսատեսին իր խորհրդավոր ստեղծագործություններով։
Նոլանի ֆիլմերը ստեղծում են գաղտնիքների շղթա, որոնց շուրջ կարելի է ժամերով մտորել։
Դե ինչ, ծանոթանանք, թե կադրից դուրս ինչ մարտահրավերներ է ունեցել ռեժիսորը և ինչպես է դրանք փոխանցել էկրանին՝ դերասանների անկրկնելի տաղանդի և բարդ հնարքների միջոցով։
Բեռնատարի պայթյունը «Խավարի ասպետը» (2008) ֆիլմում
Այս մեկը, թերևս, Նոլանի գործնական մոտեցման օրինակներից ամենամեղմն է:
«Խավարի ասպետը» ֆիլմում, թեժ հետապնդման ժամանակ խոշոր բեռնատարը շրջվում է դիմային հատվածի վրա։ Իսկ ի՞նչն է այս, կարծես թե, բլոկբաստեր ֆիլմին բնորոշ տեսարանում այսքան զարմանալի։ Իր ռեժիսորական ձեռագրին հավատարիմ մնալով՝ Նոլանը բախման իրական տեսարանի և համակարգչային գրաֆիկայի միջև նախապատվությունը տալիս է առաջինին։ Իսկ ինչու՞ փորձել ստանալ այս ավերածության տեսարանը CGI-ի (համակարգչային գրաֆիկա) օգնությամբ, եթե հնարավոր է պայթեցնել և շրջել իրական բեռնատարը։ Ի դեպ, տեսարանը նկարահանվել է Չիկագոյի ամայի փողոցներից մեկում, որը նաև հայտնվում է Նոլանի Բեթմենին նվիրված հաջորդ ֆիլմում։
Ինքնաթիռի բախումը «Խավարի ասպետը 3» (2012) ֆիլմում
Արդեն պարզ է, որ Նոլանը չի սիրում կանաչ ֆոներ կամ ձայնամեկուսիչ պատերով սենյակներ։ Նա ուղղակիորեն նկարահանում է իրական տեսարաններ…նույնիսկ, եթե դա ինքնաթիռի բախում է։ Տեսարանը ստուդիայի կառավարվող միջավայրում կազմակերպելու փոխարեն՝ Նոլանը նախընտրել է իրական ինքնաթիռը, իրական աշխարհում, իրական բախումով։ Նա այս ամենն արել է, որպեսզի չօգտագործվեն համակարգչային էֆեկտներ։ Սա խոսում է Նոլանի՝ ֆիլմերն ավելի իրական դարձնելու ձգտումի մասին։
Իսկ էլ ավելի զարմանալի բան ուզու՞մ ես իմանալ։ Այս դեպքը միակը չէր, երբ Նոլանը օգտագործել է իսկական ինքնաթիռ։ Նա պարզել է, որ «Փաստարկ» (2020) ֆիլմի համար ավելի մատչելի կլինի գնել իրական ինքնաթիռ և պայթեցնել այն, քան թե այդքան գումար վատնել CGI-ի վրա։
Ճաշարանի պայթյունը «Սկիզբ» (2010) ֆիլմում
Ասել, որ այս տեսարանն ուղղակի հանճարեղ է, կնշանակի ոչինչ չասել։ Ամեն վայրկյանը չափազանց գեղեցիկ է։ Նա օգտագործել է բարձր ճնշման տակ գտնվող ազոտ՝ պայթյունը ստանալու համար և նկարել այն միաժամանակ մի քանի high speed/slow motion (դանդաղացված կադր, բարձր կադրերի հաճախականություն) ունեցող տեսախցիկներով։ Սակայն, սա միակ փայլուն մտահաղացումը չէր այս ֆիլմի համար։
Հիշու՞մ ես Արթուրի մենամարտը հյուրանոցի պտտվող միջանցքում, մեքենայի վթարից հետո։ Սենյակն իրոք պտտվում էր, իսկ դերասանները նույնիսկ պարաններով կապված չէին։ Գրավիչ պտույտ է, չէ՞։ Նոլանը վստահորեն ստեղծել է դերասանների համար ձգողության ուժին հակառակվող միջավայր, առանց պաշտպանության և միակ բանը, որ ասել է՝ «Կարող ենք սկսել»։
Նշենք, որ նրա խելահեղ մտահաղացումներից մեկն էր նաև գնացքը քշել հենց փողոցում։ Իսկ հարց է առաջանում, թե ինչու՞։ Դե, որովհետև նա դա կարող էր անել։
Ի դեպ, նրա վերջին գլուխգործոցներից մեկը՝ «Օպենհեյմերը», դեռ ցուցադրվում է ԿինոՊարկում։ Բաց չթողնես ռեժիսորի հանճարեղ ֆիլմերից մեկը մեծ էկրանին դիտելու հնարավորությունը։ Իսկ եթե ուզում ես ավելին իմանալ ֆիլմի մասին, ապա կարողա «Օպենհեյմեր»-ի մասին մեր նախորդ բլոգը։
Մի ոլորտում, որտեղ համակարգչային կախարդանքը հիմնական գործիքներից մեկն է, Քրիստոֆեր Նոլանն առանձնանում է որպես մեր օրերի «չեմպիոն»՝ իր իրական և պրակտիկ ստեղծարարությամբ։ Փաստ է, որ Նոլանի ձեռքբերումը միայն այն չէ, ինչ նա ստեղծում է, այլ թե ինչպես է նա կյանք տալիս իր ստեղծագործություններին՝ մնայուն հետք թողնելով կինեմատոգրաֆիայի աշխարհում։