Վենետիկի 80-րդ կինոփառատոն. ամփոփում է Դիանա Մարտիրոսյանը
04-10-2023
Վերջին տարիներին Օսկարի մրցանակաբաշխության ֆիլմերի զգալի մասը սովորաբար իրենց համաշխարհային պրեմիերաներն է ունենում իտալական Մոստրայում՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Համաշխարհային ֆիլմ-հսկաների վերջին եվրոպարական կանգառն ուրվագծում է, թե ինչ է լայն լսարանն ու ինչու չէ՝ նաև հեղինակային կինեմատոգրաֆ սիրող հանդիսատեսը նայելու մինչև Ամերիկյան կինոակադեմիայի արձանիկների բաշխումը։ Ի տարբերություն Կաննի (որը սովորաբար տեղի է ունենում մայիսի կեսերին) օգոստոսա-սեպտեմբերյան Վենետիկը, կարծես, եզրափակի տարին։ Չնայած աշնանա-ձմեռային այլ մեծ եվրոպական կինոփառատոների (օրինակ՝ Սան-Սեբաստիան), Վենետիկն ամենահոլիվուդյանն է և կարողանում է համատեղել եվրոպական և ամերիկյան արտադրության ֆիլմեր (որոշ կինոքննադատներ բողոքում էին, որ վերջերս ամերիկյան ֆիլմերը չափից շատ են և քիչ տեղ է հատկացվում, օրինակ՝ ասիական կինոյին):
Ինչևէ, ունենք այն ինչ ունենք, հետևաբար եկեք վերլուծենք աշխարհի ամենահին կինոփառատոնի՝ 80-րդ անգամ կազմակերպվող կինոփառատոնի ամենահիշարժան պահերը։
ԱՌԱՋԻՆ ՎԵՆԵՏԻԿՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱԶԳԻ ՌԵԺԻՍՈՐԻ ՖԻԼՄԸ
Վենետիկի առաջին կինոփառատոնն անցկացվել է 1932 թվականի օգոստոսի 6-ից 21-ը։
Վենետիկի միջազգային կինոփառատոնը ծնվել է կոմս, քաղաքական գործիչ և բիզնեսմեն Ջուզեպպե Վոլպի դի Միսուրատայի և կինոքննադատ Լուչիանո Դե Ֆեոյի գաղափարի շնորհիվ։ Փառատոնը միանգամից արժանացավ իշխանությունների ուժեղ աջակցությանն ու առաջին անգամ տեղի ունեցավ Վենետիկի Լիդո կղզի Excelsior հյուրանոցի պատշգամբում՝ ամենաբարձր մակարդակի վրա։ Այն ժամանակ փառատոնն անցկացվում էր ոչ թե մրցութային ձևաչափով, այլ նպատակ էր հետապնդում ցուցադրել նոր ֆիլմերը հանրությանն ու արվեստասեր հանդիսատեսին։ Կինոփառատոնի պատմության մեջ ցուցադրված ամենաառաջին ֆիլմը հայազգի ռեժիսոր և 20-րդ դարի կինոնորարար Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլը և պարոն Հայդն» էր, որը ցուցադրվեց 1932 թվականի օգոստոսի 6-ին երեկոյան ժամը 21:15-ին:
ԲՈՂՈՔԻ ՈՒ ՍԱՏԱՐՄԱՆ ԱԿՑԻԱՆԵՐ
Դեռևս մինչև կինոփառատոնի մեկնարկը Վենետիկի կինոփառատոնի նախագահ, կինոքննադատ Ալբերտո Բառբեռային հարցախեղդ էին անում, թե ինչու են փառատոնի ծրագրում ներկայացված ռեժիսորներ Վուդի Ալենը, Լյուկ Բեսոնն ու Ռոման Պոլանսկին իրենց նոր ֆիլմերով, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մեղադրվել է սեռական բռնության և ոտնձգությունների մեջ։ The Guardian-ին տված հարցազրույցում Բառբեռան պատասխանեց, որ Բեսոնն ու Ալենն անմեղ են օրենքի առաջ, քանի որ հետաքննությունն արդյունքում չի ավարտվել պաշտոնական մեղադրանքով։ Իսկ Պոլանսկին, ըստ նրա, «եվրոպական կինեմատոգրաֆի վերջին մեծ վարպետներից է» և ամփոփեց, որ նա դատավոր չէ, այլ կինոքննադատ, բացի այդ էլ տուժող կողմը՝ Սամանթա Գեյմերը ներել է Պոլանսկուն։
Սակայն կինոփառատոնի օրերին Tapis Rouge Colere Noire խմբավորման մասնակիցները տարբեր պաստառներ են փակցրել Վենետիկի տարբեր հատվածներում. օրինակ՝ գրություններից մեկը հետևյալն էր՝ Monstri in Mostra (Հրեշները Մոստրայում)։
Տեղի է ունեցել նաև սատարման ակցիա. կինոփառատոնի 4-րդ օրը կարմիր գորգի մոտ կարելի էր տեսնել իրանցիներին և Իրանի կինոգործիչներին աջակցող մարդկանց։ «Կին, կյանք, ազատություն» հայտնի կարգախոսով, սպանված Մահսա Ամինիի ու «Լեյլայի եղբայրները» ֆիլմի ռեժիսոր Սաիդ Ռուստաիի դիմանկարները, վերջինս դատապարտվել է 6 ամիս ազատազրկմամբ ֆիլմն անցած տարի Կաննում ցուցադրելու համար։
ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ՈՒ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ՖԻԼՄԵՐԸ
Ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի Poor Things-ն արժանացավ գլխավոր՝ Ոսկե առյուծ մրցանակին։ Ֆիլմի սցենարը գրել է Թոնի Մաքնամարան՝ ադապտացնելով շոտլանդացի գրող և նկարիչ Ալասդեր Գրեյի 1992-ին լույս տեսած համանուն վեպը։ Ֆիլմը պատմում է ինքնասպանություն գործած երիտասարդ կնոջ՝ Բելայի մասին (Էմմա Սթոուն), ում վերակենդանացնում է պրոֆեսոր Գոդվինը (Ուիլեմ Դեֆո)՝ փոխպատվաստելով նրան չծնված երեխայի ուղեղը։ Բելան շատ արագ մանկությունից հասնում է պատանեկություն, վերապրում սեռական հասունացում, ապա խորապես հետաքրքրվում սոցիալական, փիլիսոփայական ու գենդերային խնդիրներով:
Սոֆիա Կոպպոլայի «Փրիսցիլա»-ն, հիմնված Էլվիս Փրեսլիի նախկին կնոջ՝ Փրիսցիլա Փրեսլիի «Էլվիսն ու ես» ինքնակենսագրական վեպի հիման վրա, ներկայացնում է զույգի հարաբերությունները դեռահաս, այնուհետև չափահաս Փրիսցիլայի դիտանկյունից։ Փրիսցիլային մարմնավորող Քեյլի Սփեյնին արժանացավ Վոլպիի գավաթի Լավագույն կանացի դերակատարման համար, իսկ 78 ամյա Փրիսցիլա Փրեսլին հանդես եկավ ֆիլմի պրոդյուսերի կարգավիճակում։ Ֆիլմում Էլվիսին մարմնավորում է «Էյֆորիա» սերիալի աստղ Ջեյքոբ Էլորդին։ Իսկ լավագույն տղամարդու դերակատարման համար հիմնական մրցույթի ժյուրին հաղթող ճանաչեց Փիթեր Սարսգաարդին ռեժիսոր Միշել Ֆրանկոյի «Հիշողություն» դրամայում դերակատարման համար։ Սարսգաարդին զուգընկերուհին Ջեսիքա Չեսթեյնն է. ֆիլմը պատմում է զույգի մասին, որը փորձում է հարաբերություններ կառուցել՝ հաղթահարելով առողջական և հոգեբանական խնդիրները։
Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Մատտեո Գառոնեն «Ես՝ կապիտան» դրամայի շնորհիվ. Գառոնեն ժամանակակից իտալական կինեմատոգրաֆիստների մեջ ամենաակտիվներից է և աշխատում է տարբեր ժանրերում՝ քրեական պատմություններից ու անգամ հեքիաթից մինչև սոցիալական դրամա։ «Ես՝ կապիտան»-ը պատմում է երկու սենեգալցի երիտասարդի մասին, որոնք շատ բարդ, դաժան և ոչ լեգալ ճանապարհով փորձում են հասնել Իտալիա։
Ժյուրիի հատուկ՝ Գրան պրին բաժին հասավ ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուտիին «Չարիքը գոյություն չունի», իսկ Լավագույն սցենարի համար մրցանակը չիլիացի Պաբլո Լարեյնին ու Գիլյերմո Կալդերոնին «Կոմս» ֆիլմի համար, որտեղ Աուգուստո Պինոչետը ներկարացված է որպես վամպիր։ Ժյուրիի հատուկ մրցանակը լեհ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի «Կանաչ սահման» սոցիալ-քաղաքական դրամայինն է, որտեղ ռեժիսորը պատմում է լեհ-բելարուսական սահմանի դժոխքն ու փախստականների հետ անմարդկային վերաբերմունքը։ Ֆիլմից հետո ռեժիսորն անգամ քննադատաֆան խոսքեր է ստացել Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զեբրոյի կողմից։ Ռեժիսորն իր հերթին պատասխանել է նախարարին և հիշեցրել, որ նա Հոլոքոստի զոհի թոռ է և Վարշավայի ապստամբության շարժման մասնակցի դուստր։ Ռեժիսորին աջակցության խոսքեր հայտնեցին գործընկերներն ու Լեհաստանի կին կինոգործիչների ասոցիացիայի անդամները։