Scroll Event Component

Ի՞նչ դիտել 2024-ին

18-01-2024

Ի՞նչ դիտել 2024-ին

Ի՞նչ ես ակնկալում այս նոր տարուց։ Օրինակ մենք սպասում ենք մի շարք որակյալ, հետաքրքիր ու դիտարժան ֆիլմեր, որոնք, վստահ ենք՝ գրավելու են քո ուշադրությունը։
Հենց այս պատճառով էլ հավաքել ենք 2024-ի ընթացքում սպասվող ամենամեծ պրեմիերաների ցուցակը, որ արդեն հիմա սկսես պլանավորել կինոդիտումների օրերը։

📌🎬 Argylle- պրեմիերան փետրվարի 1-ին

Հատուկ գործակալների մասին «Քինգսման։ Գաղտնի ծառայություն» ֆիլմը հավանե՞լ ես։ Եթե այո, ապա հաստատ կհավանես նաև նոր «ARGYLLE: Սուպեր լրտեսը» ֆիլմը։
Միայն պատկերացրու՝ Դուա Լիպան, Հենրի Քավիլը ու լրտեսական արկածները․․․ահա և երեկոն հիանալի անցկացնելու բանաձևը․ շնորհակալություն հայտնելու կարիք չկա 😅

📌🎬 Madame Web- պրեմիերան փետրվարի 15-ին

Թվում է, թե այս տարի սուպերհերոսական ֆիլմեր նկարահանող թիմերը հանգստի են անցել, քանի որ սուպերհերոսներին մեծ էկրանին շատ չենք տեսնելու։ Այնուամենայնիվ, տարվա առաջին գերբնական ուժերի մասին ֆիլմը «Մադամ Սարդոստայն»-ն է՝ Դակոտա Ջոնսոնի մասնակցությամբ։ Այո-այո, «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմից Անասթեյշան միացել է Marvel-յան սագային՝ իր հետ բերելով նաև «Էյֆորիա» սերիալի գեղեցկուհուն՝ Քեյսիին (Սիդնի Սուինի):


📌🎬 Dune: Part Two- պրեմիերան փետրվարի 29-ին

Հաջորդը տարվա «ամենափոշոտ», բայց չափազանց սպասված ֆիլմերից մեկն է՝ «Դյունա։ Մաս երկրորդ»։ Թիմոթի Շալամե, Զենդայա, Ֆլորենս Պյու, Քրիստոֆեր Ուոքեն․ դերասանական կազմն արդեն իսկ շատ խոստումնալից է երևում։ Շալամեն 2023-ը եզրափակեց «Վոնկա»-ով, իսկ 24-ը կբացի աշխարհահռչակ «Դյունա»-ի երկրորդ մասով։


📌🎬 Ghostbusters: Frozen Empire- պրեմիերան մարտի 29-ին

Էլ ինչ տարի առանց ուրվականների մասին ֆիլմերի։ Այս տարի նշաձողը զբաղեցնում է «Ուրվականների որսորդները. Ժառանգները» ֆիլմի երկրորդ մասը՝ «Ուրվականների որսորդները. Սառցե կայսրությունը»։ Ուրեմն, Սփանգլերի ընտանիքը վերադառնում է Նյու Յորք և միանում է հին որսորդների հետ՝ կանգնեցնելու չար ուժին, որը կարող է նոր սառցե դարաշրջան սկսել։ Բացի հետաքրքիր սցենարից, կարող ես տեսնել նաև IT-ից և Stranger Things-ից հայտնի, արդեն բավականին մեծացած Ֆին Վոլֆհարդին։


📌🎬 Challengers- պրեմիերան ապրիլի 26-ին

Եթե գոնե մեկ անգամ համացանցում տեսել ես Թոմ Հոլանդի ապշած դեմքով մեմերը, ապա հասկանում ես, թե ինչի մասին է խոսքը։ Այս տարի Զենդայան ներկայացնում է «Հավակնորդները» ֆիլմը՝ սիրային եռանկյունու մասին բավականին հետաքրքիր սցենարով։

📌🎬 The Fall Guy- պրեմիերան մայիսի 3-ին

Անհաջողակ կասկադյոր Քոլթը ստիպված է նկարահանվել բլոկբաստերում, որպեսզի օգնի իր նախկին ընկերուհուն՝ Ջոդիին, ով սկսնակ ռեժիսոր է։ Միևնույն ժամանակ անհետանում է ֆիլմի գլխավոր աստղը, և Քոլթը ստիպված է լինում գտնել նրան։
Թեթև, հետաքրքիր Էքշն կատակերգություն, որի գլխավոր աստղը 2023-ի ամենաքննարկվող կերպարներից մեկն է՝ Ռայան Գոսլինգը։ Ստացվում է, որ Գոսլինգն այլևս just Ken չէ։

📌🎬 Imaginary Friends- պրեմիերան մայիսի 17-ին

Մանկության տարիներին (կամ նույնիսկ հիմա) երևակայական ընկեր ունեցե՞լ ես։ Եթե այո, ապա «Երևակայական ընկերները» ֆիլմը կստիպի տեղափոխվել մանկություն, իսկ մի շարք աստղերի ներկայությունը, ինչպիսիք են՝ Ռայան Ռեյնոլդսը, Մեթ Դեյմոնը կամ Ֆիբի Ուոլլեր-Բրիջը, այն ավելի պատկերավոր կդարձնեն։


📌🎬 The Garfield Movie- պրեմիերան մայիսի 24-ին

2024-ին անիմացիաների պակաս էլ չենք զգալու։ Տարվա առաջին նշանակալի անիմացիոն ֆիլմերից մեկը կդառնա ամենահայտնի կարմրահեր կատվի մասին ֆիլմը՝ «Գարֆիլդը»։ Այս անգամ փիսոն հանդիպում է իր հորը՝ Վիկին, և իր սիրելի ընկեր, շուն Օդիի հետ փախչում է տանից՝ արկածների հետևից։


📌🎬 Inside Out 2- պրեմիերան հունիսի 14-ին

Եթե տարին արդեն «մտքերդ իրար է խառնել», ապա սպասի՛ր «Գլուխկոտրուկ 2» անիմացիոն ֆիլմին, որտեղ արդեն սիրված էմոցիաների կողքին կհայտնվի նորը՝ բոլորիս այնքան ծանոթ Անհանգստությունը։ Դե, բարի գալուստ մեծերի կյանք Ռայլի 😅


📌🎬 Deadpool 3- պրեմիերան հուլիսի 26-ին

Մեծ էկրանին է վերադառնում ամենահումորով ու «տգեղ» սուպերհերոսը՝ Դեդփուլը, իր հետ բերելով Հյու Ջեքմանին՝ Ռասամախայի դերում։ Վստահ ենք, որ Marvel-ի սիրահարները գոհ կմնան։


📌🎬 Beetlejuice 2- պրեմիերան սեպտեմբերի 6-ին

Եթե գիտես Բիթլջուսի մասին, ապա հավանաբար 30-անց ես։ Ռեժիսոր Թիմ Բյորտոնն այս տարի կներկայացնի «Բիթլջուս 2»-ը՝ 36 տարի անց։ Նոր ֆիլմում կտեսնենք «սարսափելի» համբավ ունեցող Ջեննա Օրտեգային, Ուիլիամ Դեֆոյին և Մոնիկա Բելուչիին։

📌🎬 Joker: Folie à Deux- պրեմիերան հոկտեմբերի 4-ին

DC-ի սիրահարները ևս անմասն չեն մնա, քանի որ 2024-ին սպասվում է նաև Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմը, որտեղ իր աստղային ներկայությունը կունենա նաև Լեդի Գագան։ 2023-ի ընթացքում հայտնվեցին բազմաթիվ կադրեր նկարահանումների հրապարակից, որոնք ստիպում են անհամբերությամբ սպասել Հոակին Ֆենիքսի Ջոքերի պրեմիերային 🃏

📌🎬 Venom 3- պրեմիերան նոյեմբերի 8-ին

2024-ին սպասվում է նաև այլմոլորակային Վենոմի վերադարձը «Վենոմ 3» ֆիլմում։ Թեև շատ մանրամասներ դեռ հայտնի չեն, բայց պարզ է, որ ֆիլմը լի է լինելու հումորային դրվագներով ու այլ ֆիլմերից հուշումներով։

📌🎬 Paddington in Peru- պրեմիերան նոյեմբերի 28-ին

Անիմացիոն ֆիլմերի շարքին ավելանալու է ևս մեկը՝ ընտանեկան ու չափազանց բարի «Փադինգթոնի արկածները 3»-ը։ Բոլորիս կողմից սիրված արջուկն ուղևորվում է Պերու՝ հայտնի մորաքույր Լյուսիին հանդիպելու, բայց, իհարկե, հայտնվում է անհավանական արկածների կիզակետում։

📌🎬 Maria- պրեմիերան դեկտեմբերի 5-ին

Տարին ամփոփելու ենք Անջելինա Ջոլիի հետ, նոր՝ «Մարիա» ֆիլմով։ Կենսագրական ֆիլմ հայտնի օպերային երգչուհի Մարիա Կալլասի մասին՝ նվիրված 1970-ականներին Փարիզում նրա վերջին տարիներին։ Ասա, որ միշտ հաճելի է Ջոլիին մեծ էկրանին տեսնել։


🎥 Ինչպես հասկացար, բավականին հարուստ ու բովանդակային տարի է սպասվում։ Մի շարք համաշխարհային բլոկբաստերների շարունակություններ, որոնք խոստանում են անհավանական լինել։ Արի՛ պայմանավորվենք, որ այս տարի ոչ մի ֆիլմ բաց չես թողնելու, չէ՞որ մենք սպասելու ենք քեզ ԿինոՊարկում՝ պոպկորնով ու ամենաթարմ պրեմիերաներով։

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը