Բարբին, Նոլանն ու Խեղճ էակները․ Ի՞նչ է սպասվում Օսկար 2024-ին
07-03-2024
Պետք է անկեղծ լինենք. 2023 թվականն ակնհայտ թույլ տարի էր համաշխարհային կինոյի տեսանկյունից։ Մեծ կինոփառատոնային հնգյակը (Սանդենս, Բեռլին, Կանն, Վենետիկ, Տորոնտո), որտեղ որ ներկայանում է կարևորագույն ֆիլմերի, եթե ոչ 100, ապա 99%-ը, արդեն իսկ տարվա ընթացքում մեզ ակնարկում էր միջակ էկրանավորումների ու հնարավոր հիասթափությունների մասին։ Համաշխարհային կինոյի հսկաները՝ ի դեմս Մարտին Սկորսեզեի, Ռոման Պոլանսկու, Դևիդ Ֆինչերի, Ռիդլի Սքոթի իրենց վերջին ֆիլմերով, թվում է, թե ավելի շուտ ձախողել են, քան հաջողել, թեև 81 ամյա Սկորսեզեի ֆիլմն ակնհայտ շահում է այս սիմվոլիկ ցանկում, քանի որ արժանացել է որոշ կինոքննադատների ու հանդիսատեսի բարձր գնահատականին։
Տարվա ամենավառ կոմերցիոն ու մարքեթինգի տեսանկյունից լայնամասշտաբ հաղթահանդեսն, անխոս, պատկանում է Բարբի-Օպենհեյմեր դուոյին, որն ավելի շուտ հաղթանակ է սակավաջրության հաշվին և ոչ թե ֆիլմերի ռեժիսորներ՝ թրենդային ֆեմօրակարգից շահող Գրեթա Գերվիգի ու լայն լսարանի ֆավորիտ, հանելուկաբան-աճպարար Քրիսթոֆեր Նոլանի գրավը։ Երկու ֆիլմն էլ, անկախ իրենց վիթխարի տարբերությանը, սպասարկում են այժմյան հոլիվուդյան և ամերիկյան օրակարգը, թեև անում ճաշակով ու հնարավորինս ժամանցային (որքան որ թույլ է տալիս ժանրը): Բայց Գերվիգի (իսկ ըստ ակնհայտ պատճառներով) ռեժիսորական աշխատանքի համար նոմինացիայի բացակայությունը, ինչպես նաև Հոլիվուդի գլխավոր Բարբիի՝ Մարգո Ռոբիի դերասանական խաղի համար չառաջադրվելը խիստ վրդովեցրեց շատերին. մարդիկ բացատրում էին Ռոբիի խաղընկեր Ռայան Գոսլինգի նոմինացիան գենդերով պայմանավորված (սակայն ըստ բազմաթիվ կինոքննադատների՝ իր հերոսը՝ էքզիստենիալ խնդիրներով տառապող Քենը, այս աջաբսանդալ-ֆիլմի ամենահետարքրքիր ու զվարճալի կետն է):
Այս նոսրության ֆոնին խիստ շահեկան է դիտվում մեր օրերի ամենաինքնատիպ հեղինակներից մեկի՝ հույն Յորգոս կամ ինչպես որոշները փոխակերպում են Յորղոս Լանտիմոսի Poor Things-ը, հայերեն ասած՝ «Խեղճ արարածները» կամ «էակները», (արդեն իսկ թարգմանության հարցում դժվարություններ են ծագում, քանի որ շոտլանդացի Ալասդեր Գրեյի համանուն վեպը չի թարգմանվել հայերեն)։ Ֆիզիոլոգիական և մտավոր բոլոր փուլերով անցնող Բելա Բաքսթերին մարմնավորող Էմմա Սթոունի դերը, թերևս ամենազարմանահրաշն է դերասանուհու ֆիլմագրության մեջ և պարտադիր է դիտման համար բնօրինակով՝ անգլերեն (որտեղ ամերիկուհուն փոխել է իր ակցենտը բրիտանականի։ Սակայն ափսոս, որ այս բազմաշերտ, ինքնատիպ, վիզուալ առումով գրեթե աննախադեպ շքեղ ու անսպասելիորեն սրամիտ ֆիլմ-հրավառությունը, որոշակի պատճառներով, չի ցուցադրվել երևանյան կինոթատրոններում։ Փոխարենը՝ հանդիսատեսը գրեթե կլոր տարին դիտել է ֆեմինիստական մանիֆեստի նկրտումներով Գերվիգի սքեչային ու պլաստմասե «Բարբիի» ու ֆիլմ-ռումբ, ֆիլմ-ժանակաշրջանի դիմապատկեր, Նոլանի «Օպենհեյմերի» չափաբաժինները։
Եվ ստամոքսում տեղ չի մնացել բրիտանացի Ջոնաթան Գլեյզերի Հոլոքոսթի վերաբերյալ այդքան յուրահատուկ աչքով նկարված, գուցե մասամբ ռադիկալ The Zone of Interest-ի (5 ամվանակարգ) կամ Սելին Սոնի նուրբ, տողատակերով ստեղծված Past lives-ի (2 անվանակարգ) համար։
Եվ այսպես, Օսկարը 2024, որպես նախորդ տարվա ամփոփում, բնականաբար, ուղղակիորեն հիմնված է 2023-ի դիտարժան ֆիլմերից։ Հետևաբար այս տարվա ակադեմիական ծաղկաքաղը, իհարկե, հիմնականում կազմված է անցած տարվա կարևորագույն միջազգային ֆիլմերի վրա, որտեղ գերիշխում են Նոլանն- այս տարվա մաքսիմալ 13, Գերվիգի «Բարբին» 8, Լանտիմոսի 11, Սկորսեզեի 10 և Բրեդլի Քուփերն իր «Մաեստրո»-ով 7 անվանակարգերում։ Բնականաբար, հիմնական մրցանակները Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսորական աշխատանք և Լավագույն սցենար (օրիգինալ կամ ադապտացված) բաժանվելու են ֆավորիտ նոմինանտների մեջ։ Ինչ-որ մրցանակ էլ, հավանաբար, բաժին կհասնի սևամորթ դերասանական կազմով American Fiction դրամեդիին. օրակարգն է այդպես թելադրում։ Այս ամերիկյան ու անգլալեզու «ընտանիքում» նորակոչիկի կարգավիճակում է դիտվում ֆրանսիացի Ժյուսթին Տրիեի «Անկման անատոմիան», որը մրցելու է հիմնական անվանակարգերից մի քանիսում և գլխավոր դերակատարուհի, Գերմանիայի պարծանք Սանդրա Խյուլերն ակնհայտ մրցակից է Էմմա Սթոունի համար (երկու դերասանուհիներն էլ ստեղծել են իրենց ֆիլմագրության կարևորագույն, ինչ-որ տեղ բեկումնային դերերը, դրա համար կինոքննադատների համար այս անվանակարգի արդյունքը կլինի ամենասպասվածներից։
Նոլանյան քաոտիկ, պատմաքաղաքական կտավ «Օպենհեյմեր»-ի, Ռիդլի Սքոթի էպիկ, ծավալի ու տեխնիկական կատարողականի առումով հսկա «Նապոլեոն»-ի (3 անվանակարգ) կամ գերխայտաբղետ, ֆեմինիզմի բոլոր նրբությունները մի ֆիլմում հավաքած «Բարբի»-ի ֆոնին համեստ, խեղճ բարեկամի դերում է դիտվում Ալեքսանդր Փեյնի The Holdovers-ը։ Այն, անկախ իր՝ «փոքր» ֆիլմին բնորոշ համեստությունից, ունի միանգամից 5 անվանակարգ և շատ բարձր շանսեր ստանալ ֆիլմի գլխավոր դերակատար, մեյնսթրիմի ու արտհաուսի արանքում մի քանի տասնամյակ լող տվող Փոլ Ջամատտիին իսկապես վաստակած արձանիկը։
Օսկար 2024-ը նման է տարբեր մեմերից հավաքված կոլաժի, որտեղ իր արտահայտիչ այտոսկրերով ու գրեթե թափանցիկ աչքերով Քիլիան Մըրֆիի հերոսը բազմանշանակ նայում է քեզ իր հնաոճ գլխարկի տակից՝ բերանում պահելով այրվող ծխախոտը, մինչ Բարբիլենդի հայրիշխանական, բայց գույնզգույն կապանքների փլատակների տակից Ռայան Գոսլինգի դերակատարմամբ խարիզմատիկ Քենը երգ ու պարով կիսվում է իր խնդիրների մասին։ Թվում է, թե այս տարի բովանդակությունն ինչ-որ տեղ զիջում է ձևին, բայց ամեն դեպքում Հոլիվուդը փորձում է լինել ինքլյուզիվ և բաց բոլորի համար՝ ֆրանսիացի ռեժիսորից ու գերմանացի դերասանուհուց մինչև համեստ, կիսաարտհաուսյան կինո ու հոլիվուդյան ամենապատկառելի, ութերորդ տասնամյակը լրացած կինոհսկաներ. տեսնենք, թե ինչ կստացվի արդյունքում։