Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

5 ԱՅՈ Netflix-ին․ սերիալներ, որոնք արժի դիտել

5 ԱՅՈ Netflix-ին․ սերիալներ, որոնք արժի դիտել

30-05-2024

 5 ԱՅՈ Netflix-ին․ սերիալներ, որոնք արժի դիտել

🤔 Ի՞նչ դիտել երեկոյան․․․ հարց, որ շատերիս մոտ է ծագում, հատկապես ծանր աշխատանքային օրվանից հետո։ Netflix-ը, կարծես թե, մասամբ տվել է այս հարցի պատասխանն՝ առաջարկելով ինչ ասես՝ ցանկացածի ճաշակով։

Այո, Netflix-ը՝ ոտքով դուռը բացելով, ներխուժել է մեր առօրյա, իսկ «Netflix and chill» արտահայտությունն իր պատվավոր տեղն է զբաղեցրել «Կոֆե կենտրոն»-ի կողքին։
Բայց, հայտնի սթրիմինգային ընկերությունը ոչ միայն մեր ժամանցի մի մասն է գրավել, այլև համաշխարհային կինոարտադրության։

Այսօր սթրիմինգային ընկերությունը ներկայացնում է հազարավոր ֆիլմեր ու սերիալներ, որոնց ցանկը թարմացնում է գրեթե ամեն շաբաթ։ Չնայած այս ամենին, կարևոր է նշել, որ վերջերս Netflix-ին որոշ հարցեր են առաջանում կապված ֆիլմերում կամ սերիալներում ներկայացվող բովանդակության հետ։ Աշխարհի բազմաթիվ երկրներում մարդիկ «բողոքում» են, որ շատ սպասված ու հետաքրքիր բովանդակությամբ ֆիլմերին ու սերիալներին փոխարինելու են եկել նույնատիպ սցենարով, որոշակի ստանդարտները բոյկոտող, սոցիալական որոշակի խնդիրները բարձրաձայնող, երբեմն էլ նույնիսկ ուռճացնող ֆիլմերը․․․

Այնուամենայնիվ, քեզ համար առանձնացրել ենք վերջին շրջանում Netflix-ում հայտնված, մեր սուբյեկտիվ, բայց երբեմն էլ օբյեկտիվ կարծիքով լավագույն սերիալների հնգյակը 👇

🎬 Տարին սկսվեց լավ լուրով Money Heist-ի կամ La casa de papel-ի երկրպագուների համար․ Netflix-ում հայտնվեց Berlin-ը՝ հայտնի սերիալի սփին-օֆֆը։ Տոկիոյին, Նաիրոբիին, Ռիոյին, Դենվերին ու մյուսներին փոխարինելու եկան այլ կերպարներ, սակայն մեզ չզրկեցին դետեկտիվներ Ռաքելի և Ալիշիայի ներկայությունից։
Սերիալն, ըստ երևույթի, պատմում է Բեռլինի ռոմանտիկ հոգու և Իսպանիայի բանկը թալանելու ծրագիրն իրագործելուց առաջ կատարված իրադարձությունների մասին։
Հաստատ արժի դիտել, եթե հավանել ես Money Heist-ն ու դրա վերջին մասում փշաքաղվել Բեռլինի անձնազոհ արարքից։ Իսկ եթե ինչ-որ տարօրինակ պատճառներով դեռ չես դիտել La casa de papel-ը, իսկ Bella Ciao-ն քեզ համար պարզապես իտալական սովորական երգ է, ապա սկսիր Berli-ից, իսկ հետո լրացրու բաց թողածդ։

🎬 Տարին շարունակեցինք դրամատիկ, բայց շատ սիրուն մելոդրամայով՝ One Day։ Առաջին հայացքից ռոմանտիկ այս պատմությունը բավականին անսպասելի ավարտ ունի։ Եթե արդեն դիտել ես ֆիլմը, ապա գիտես նաև սերիալի վերջաբանի մասին։ Այս դեպքում պարզապես դիտիր սերիալն էսթետիկ հաճույք ստանալու և միջավայրը վայելելու համար։ Իսկ բոլոր նրանք, ովքեր չեն դիտել ոչ ֆիլմը, ոչ էլ սերիալը, խորհուրդ ենք տալիս սկսել սերիալից՝ դրամատիկ, բայց թեթև ռոմանտիկան զգալու համար։

🎬 Գարնան կեսերին համացանցը թնդաց սթալքերների կամ հետապնդողների մասին պատմությունների առատությամբ։ Պատճառը Netflix-ի նոր սերիալն էր՝ Baby Reindeer-ը։ Սերիալն, ինչ որ տեսանկյունից հեղափոխական է, քանի որ ձանձրալի թվացող պատմությունից վերակերպվում է անձնային հոգեբանական տրավմաների մասին դրամատիկ խոստովանության՝ սարսափի ու թրիլլերի տարրերով։ Ամեն ինչ սկսվում է, երբ սերիալի սցենարիստ և նաև գլխավոր հերոս Ռիչարդ Գադդը, բարմեն աշխատելիս տրամադրություն չունեցող մի կնոջ ըմպելիք է հյուրասիրում։
Պատմությունն ինքնակենսագրական է և հիմնված է Ռիչարդի ապրած փորձառության վրա։ Մարթան՝ այս անտրամադիր կինը, արդյունքում սկսում է հետապնդել հերոսին ու ամեն կերպ խանգարել նրա կյանքի բնականոն ընթացքին։
Սերիալի հանդեպ հետաքրքրությունն ավելացավ նաև այն ժամանակ, երբ Մարթայի կերպարի իրական մարմնավորումը՝ 58-ամյա Ֆիոնա Հարվին, հարցազրույց տվեց մի քանի մեդիայի՝ ասելով, որ Ռիչարդը սխալ է պատմությունը ներկայացրել և նա ամենևին էլ չի հետապնդել երիտասարդին։ Ինչևէ, դիտիր սերիալը և հավատացնում ենք, որ կփորձես սեփական հետաքննությունը սկսել այս խառնաշփոթ իրավիճակից գլուխ հանելու համար։

🎬 Այս տարին հատկապես հաջողակ է ռեժիսոր Գայ Ռիչիի համար։ Երկու ջենթլմենական կինոնկար՝ The Ministry of Ungentlemanly Warfare լիամետրաժը և The Gentlemen սերիալը։ Երկուսն էլ բավականին հաջողված են․ դե Գայ Ռիչիից այլ բան սպասելն անիմաստ է։
Եվ այսպես, Netflix-ը համալրվել է ժամանակաշրջանի լավագույն ռեժիսորներից մեկի՝ Ռիչիի նոր աշխատանքով՝ The Gentlemen։ Ֆիլմը հարուստ ընտանիքից մի ջենթլմենի մասին է, ով ստանում է իր ընտանիքի ժառանգությունը, որը, բնավ, ջենթլմենական չէ։ Խնդիրն այն է, որ Էդդի հայրը համագործակցել է թմրանյութերի արտադրմամբ զբաղվող խոշորագույն կազմակերպության հետ․ համագործակցելը թույլ է ասված, նրանց ընդունել է իր կալվածք և թույլ տվել, որ իր տարածքում թմրանյութեր արտադրեն։ Էդդին սկզբում ընդդիմանում է, բայց հետո ներքաշվում է թմրաբիզնեսի ոլորտ՝ իրեն հատուկ, ջենթլմենական ոճով։
Սերիալը լի է գայռիչիական հնարքներով, համապատասխան միջավայրով, հագուստներով, երաժշտությամբ․․․մի խոսքով, եթե հավանում ես ռեժիսորի ֆիլմերը, ապա անպայման դիտիր նաև սերիալը՝ էսթետիկան ու յուրահատուկ պատկերը խոստանում ենք։

🎬 Իսկ հիմա պատկերացրու, որ ֆիզիկա այլևս գոյություն չունի։ Այո-այո, այն ամենը, ինչ գիտես աշխարհի մասին՝ սխալ է։ Հենց այս միտքը գիտնական Vera Ye-ին ստիպում է ինքնասպան լինել։ 3 body problem-ը գիտաֆանտաստիկ սերիալ է՝ այլմոլորակայինների ու ֆիզիկայի մասին։ Վստահեցնում ենք, որ այս ֆիզիկան հավանելու ես և բնավ չես ձանձրանալու։
Երիտասարդ ֆիզիկոս գիտնականների խումբը փորձում է բացատրել այլ գիտնականների առեղծվածային մահվան և մի շարք այլ տարօրինակ իրադարձությունների գաղտնիքը։

Ի դեպ, Netflix-ն առաջինը չէ, որ այս պատմության հիման վրա սերիալ է նկարահանել։ Գոյություն ունեն նաև Three-Body անիմեն (2022 թվական) և Three-Body չինական արտադրության սերիալը (2023 թվական)։ Ստացվում է, որ Netflix-ը փորձել է պարզապես մի փոքր եվրոպական շունչ հաղորդել արդեն իսկ հայտնի սերիալին։ Պետք է նշել, որ փորձը բավականին հաջողված էր, քանի որ չինական երկար, որոշ դեպքերում էլ ձգձգված սերիալի կողքին ունենք նաև ավելի դինամիկ ու գրավիչ տարբերակը։ Ինչևէ, կարող ես դիտել սերիալի երկու ադապտացիաները և ինքդ որոշել, թե որն ես ավելի շատ հավանում։

Դե ինչ, այժմ էլ չես կարող ասել, որ նայելու բան չունես։ 5 չափազանց հետաքրքիր սերիալ, որ կարող են լցնել քո երեկոները կամ կարող ես դրանք անցկացնել ԿինոՊարկում՝ սպասված լիամետրաժ ֆիլմերի համաշխարհային մեծ պրեմիերաները դիտելով։

Ի՞նչ դիտել երեկոյան․․․ հարց, որ շատերիս մոտ է ծագում, հատկապես ծանր աշխատանքային օրվանից հետո։ Netflix-ը, կարծես թե, մասամբ տվել է այս հարցի պատասխանն՝ առաջարկելով ինչ ասես՝ ցանկացածի ճաշակով։

Այո, Netflix-ը՝ ոտքով դուռը բացելով, ներխուժել է մեր առօրյա, իսկ «Netflix and chill» արտահայտությունն իր պատվավոր տեղն է զբաղեցրել «Կոֆե կենտրոն»-ի կողքին։
Բայց, հայտնի սթրիմինգային ընկերությունը ոչ միայն մեր ժամանցի մի մասն է գրավել, այլև համաշխարհային կինոարտադրության։

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը