2024-ի լավագույն դորամաները
12-08-2024
K-pop, Manga, Dorama, Anime… եթե այս ամենը հոգեհարազատ է քեզ, ապա ճիշտ տեղում ես, բայց ամեն ինչ իրար չենք խառնում. այս անգամ խոսելու ենք կորեական դորամաների մասին 🇰🇷
Դորամաները կամ կորեական հեռուստասերիալները վաղուց արդեն դադարել են լինել պարզապես սիրուն, ռոմանտիկ պատմություններ դեռահասների համար: Երկրի ժամանակակից կինոարդյունաբերությունը հեռուստադիտողին առաջարկում է ժանրերի լայն տեսականի, բարձրորակ բովանդակություն և հիանալի դերասանական խաղ: K-drama-ները, իրոք որ, գրավում են ֆիլմարտադրությունն ու շուտով, հնարավոր է, որ լուրջ մրցակցություն սկսեն Հոլիվուդի հետ… թե՞ արդեն սկսել են 🤔
Ինչևէ, 2024-ին արդեն իսկ կան մի քանի դորամաներ, որոնք, բազմաթիվ երկրպագուների կարծիքով համարվել են լավագույնն իրենց ժանրերում՝ դրամայից և թրիլլերից մինչև ֆանտաստիկա և սարսափ:
Դե, սկսեցինք 👇
🎬 Seonjae eopgo twieo (선재 없고 뛰어) - "Grab Seonjae and Run" («Վերցրու Սոն Ջեին և վազիր») — 2024 թվականի լավագույն ռոմանտիկ դորամա
"Grab Seonjae and Run"-ը դարձել է 2024 թվականի լավագույն ռոմանտիկ դորաման: Առաջին շաբաթվա ընթացքում այն դարձել է ամենադիտված կորեական դորաման՝ գրեթե 130 երկրներում՝ անցնելով բոլոր ռեկորդները: Նաև այն ճանաչվել է տարվա լավագույն դորամա ըստ Times-ի:
Սա հուզիչ սիրային պատմություն է, լի անկեղծությամբ և հույսով: Սիրահարված լինելով իր կուռքին՝ Ռյու Սոն Ջեին, Իմ Սոլին վիճակված է փրկել նրան ինքնասպանությունից: Նա վերադառնում է անցյալ՝ 15 տարի առաջ, երբ Ռյու Սոն դեռ հայտնի երաժիշտ չէր, իսկ ինքն անվասայլակում չէր։ Իմ Սոլն անում է ամեն ինչ՝ փոխելու իրենց ողբերգական ճակատագրերը:
Կկարողանա՞ աղջիկը փրկել իր երկրորդ կեսին և գտնել երջանկություն, թե՞ կխաղաղվի կորստի դառնության հետ՝ կիմանաս դիտելուց հետո:
🎬 Killeodeului syopingmol (킬러들의 쇼핑몰) - "Killers' Shopping Mall" («Մարդասպանների խանութ») — լավագույն մարտաֆիլմ սերիալ
"Killers' Shopping Mall" -ը ճանաչվել է 2024-ի լավագույն մարտաֆիլմ սերիալ:
Չոն Ջին Մանի մահվան լուրերը հասնում են նրա զարմուհի Չոն Չիանին: Երիտասարդ աղջիկն ուղևորվում է իր ծննդավայր՝ պատշաճ կերպով՝ բոլոր կորեական ավանդույթներին համապատասխան հուղարկավորելու իր հորեղբորը: Չոն Ջին Մանը նրա ամենամոտ ու սիրելի մարդն էր, ով ապաստան է տվել Չոն Չիանին, երբ նա կորցրել էր ծնողներին: Հորեղբոր մահը խորապես ազդում է Չոն Չիանի վրա, քանի որ նրա համար հորեղբայրը եղել է տոկունության, պաշտպանության և աջակցության խորհրդանիշ:
Տանը նա հանդիպում է իր մանկության հին ընկերոջը՝ Չան Մինին, ով աշխատում էր Չոն Ջին Մանի հետ: Միասին Չան Մինի հետ նրանք բացահայտում են հորեղբոր գաղտնիքները: Պարզվում է, որ նա պարզապես այգեգործական ապրանքներ վաճառող չէր, այլ զենքի մատակարար՝ վարձու մարդասպանների համար: Չոն Ջինի հաշվին միլիոնավոր դոլարներ են և նրա անցյալը Չոն Չիանին դարձնում է թիրախ: Նախկին հաճախորդները սկսում են հետապնդել աղջկան: Չոն Չիանը ստիպված է սովորել գոյատևել քրեական աշխարհում և բացահայտել հորեղբոր մահվան բոլոր գաղտնիքները:
🎬 Yu Feng Xing / The Legend of Shen Li (驭凤行) - "The Legend of Shen Li" («Լեգենդ Շեն Լիի մասին / Ֆենիքսի ճանապարհորդությունները») — լավագույն ֆենտեզի դորամա
"The Legend of Shen Li" չինական ֆենտեզի դորամա է, հիմնված աստվածների, դևերի և սովորական մարդկանց մասին հարուստ լեգենդների վրա: Շեն Լին՝ հոգիների աշխարհից իջեցված արքայադուստրը ստիպված է լքել իր աշխարհը և վերածվել թռչունի, որպեսզի խուսափի ամուսնությունից երկնային բնակչի հետ: Նրա ուղեկիցը և օգնականը դառնում է հնազանդ ծառա Մո Ֆանը, ով ուղեկցում է նրան մարդկային աշխարհում:
Իսկ նրանց արկածները երկրի վրա կարող ես բացահայտել՝ դիտելով դորաման։
🎬 Hieoroneun animnidaman (히어로는 아닙니다만) - "Though I'm Not a Hero" («Թեև ես հերոս չեմ»)
Պոկ Կվի-ջուն ուներ սուպերունակություն՝ տեղափոխվել անցյալի լավ պահեր: Նրա մայրը՝ Պոկ Ման-հըմը կարող էր կանխատեսել ապագան, ինչը մեծ հարստություն էր բերել իրենց ընտանիքին, իսկ քույրը՝ Պոկ Դոն-հին կարող էր թռչել: Նրանք բոլորն էլ կորցրել են իրենց գերբնական ունակություններն իրենց բացասական հատկանիշների և թուլությունների պատճառով: Կնոջ մահվանից հետո Պոկ Կվի-ջուն դադարում է նկատել կյանքի ուրախությունները, ուստի կորցնում է իր սուպերունակությունը: Ամբողջ ընտանիքն ընկնում է դեպրեսիայի մեջ, մինչև որ հայտնվում է Դո Դահեն, ով ցանկանում է ամուսնանալ Պոկ Կվի-ջուի հետ՝ հանուն փողի: Դո Դահեի գալը ցրում է ընտանիքի մելանխոլիան և յուրաքանչյուրը սկսում է բացահայտել ինքն իրեն՝ հաղթահարելով դժվարությունները:
🎬 Gisaengsu: deo geurei (기생수: 더 그레이) - "Parasit: The Grey" («Մակաբույծ: Մոխրագույն») — լավագույն սարսափ սերիալ
"Parasit: The Grey"-ը "Parasit” մանգայի էկրանավորումն է, որը զգալիորեն տարբերվում է օրիգինալ սյուժեից: Մանգան գրվել է ճապոնացի հեղինակ Հիտոշի Իվաակիի կողմից 1994 թվականին: Պատմությունն այլմոլորակայինների ներխուժման մասին է, ովքեր գրավում են մարդկանց մարմինները՝ մակաբույծների պես: Նրանք օգտագործում են մարմինը որպես շարժման և քողարկման պատյան: Անհրաժեշտության դեպքում այլմոլորակայինները փոխակերպվում են հրեշների՝ հսկա թևերով ու շոշափուկներով։ Նրանք սնվում են մարդկային մսով, արագ սովորում են և ունեն աներևակայելի ուժ:
Ավելի ու ավելի շատ մարդիկ դառնում են այլմոլորակայինների զոհերը: Վարակված մարդը կորցնում է գիտակցությունը, այն սկսում է տնօրինել մակաբույծ այլմոլորակայինը: Ոմանք պարզապես անհետանում են՝ դառնալով հրեշի հերթական զոհը, բայց մեծամասնությունը նույնիսկ չի կասկածում այլմոլորակայինների գոյության մասին, քանի որ կառավարությունը դա գաղտնի է պահում: Եվ միայն հատուկ «Մոխրագույն» ջոկատը՝ Չհվե Ջո ուն-գյոնի ղեկավարությամբ, կարող է պայքարել մակաբույծների դեմ:
Կկարողանա՞ն հերոսները հաղթել զավթիչներին, թե՞ մարդկությունը ստիպված կլինի գոյակցել երկիր մոլորակում այլմոլորակայինների հետ՝ որպես երկու կենսաբանական տեսակներ:
🎬 Nunmului yeowang (눈물의 여왕) - "Queen of Tears" («Արցունքների թագուհին»)
Սիրո մասին ֆիլմերը սովորաբար ավարտվում են «երկար և երջանիկ կյանքով», բայց ի՞նչ է տեղի ունենում հարսանիքից հետո. սրա մասին հազվադեպ է խոսվում: "Queen of Tears"-ը պատմում է կյանքի հենց այս փուլի մասին, երբ կիրքը մարում է, և նորապսակները սկսում են տեսնել միմյանց թերությունները:
Պակ Հյոն Ուն և Հոն Հե Ինը կարծում էին, որ իրենց կյանքը հարսանիքից հետո կլինի իդեալական, բայց իրականությունը լիովին այլ է: Ռոմանտիկան վերանում է, և նրանք ստիպված են լինում շատ աշխատել՝ պահպանելու իրենց սերը և միությունը: Պակ Հյոն Ուն նույնիսկ մտածում է ամուսնալուծության մասին, բայց ամեն ինչ փոխվում է, երբ Հոն Հե Ինի մոտ ախտորոշում են հազվագյուտ տեսակի քաղցկեղ:
Տղամարդու և կնոջ միջև վերածնվում են մոռացված զգացմունքները, և Հյոն Ուն անում է ամեն ինչ՝ կնոջը փրկելու համար: Արդյոք նրանք կկարողանան պահել իրենց երդումը՝ կիսել և՛ ուրախությունը, և՛ տխրությունը, հիվանդությունը և՛ առողջությունը:
🎬 Piramideu geim (피라미드 게임) - "Pyramid Game" («Բուրգի խաղը»)
Սոն Սու Ջին տեղափոխվում է Սեուլի աղջիկների էլիտար դպրոց, որտեղ ստիպված է ոչ միայն սովորել, այլև գոյատևել դպրոցի խիստ պայմաններում։ Ամեն ամիս աղջիկները քվեարկում են ամենաանհաջողակ և անպետք ուսանողուհուն ընտրելու համար, ով դառնում է խոշտանգումների և արհամարհանքի զոհ։ Սոն Սու Ջին՝ հենց դպրոց մուտք գործելիս, հայտնվում է սոցիալական վարկանիշի ամենացածր մակարդակում՝ իր համադասարանցիների գործողությունների պատճառով։ Աղջիկները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի չհայտնվեն հիերարխիայի ստորին մակարդակում և հաճախ խաբում են նորեկներին։
Բուրգի գագաթում կանգնած է արքայադուստր Պեկ Հա Ռինը՝ իր էլիտար խմբով, որը վերահսկում է այս համակարգը։ Նրանք, ովքեր գտնվում են հիերարխիայի ստորին մակարդակում, ենթարկվում են նվաստացումների և արհամարհանքի։ Սոն Սու Ջին արագորեն սովորում է «բուրգի խաղի» կանոնները, որպեսզի հաջորդ ամիս չդառնա բուլինգի զոհ։ Սակայն նա չի պատրաստվում հաշտվել հասարակության հաստատված կարգի հետ և որոշում է վերջ դնել այս նվաստացումներին՝ Չա Ընի հետ միասին։ Հուսահատված և ճնշված աղջիկները որոշում են հեղափոխություն անել դպրոցում։
Դե, ու՞մ ես սպասում, վերցրու պոպկորնը, ընտրիր դորաման ու սկսիր այդ հետաքրքիր ճանապարհորդությունը։
Ի դեպ, եթե հետաքրքրվում ես ասիական մշակույթով, ապա կարդա նաև մեր նախորդ բլոգը՝ «5 նոր անիմե սերիալ՝ մի շնչով դիտելու համար»։