Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

Թարգարիենների՝ էկրանավորման արժանի պատմությունները

Թարգարիենների՝ էկրանավորման արժանի պատմությունները

27-08-2024

Թարգարիենների՝ էկրանավորման արժանի պատմությունները

Valar Morghulis…

Rytsas, այս բլոգում խոսելու ենք Ջորջ Մարտինի անծայրածիր ու դեռ լիովին չբացահայտված աշխարհի, վիշապների, թագավորական ընտանիքներում կատարվող դաժան ու հետաքրքիր դրվագների, ինչպես նաև սպասվող նոր ֆիլմերի մասին։ Այս պատմությունները ցույց են տալիս, որ «Գահերի Խաղը» Մարտինի աշխարհի միակ լավագույն պատմությունը չէ, և դեռ կան շատ ու շատ հետաքրքիր դրվագներ, որոնք արժի էկրանավորել։

Արի սկսենք վերջին իրադարձություններից։

🐉 «Վիշապների տունը» սերիալը, որը «Գահերի Խաղի» (GOT) նախապատմությունն է, ոչ միայն բոլորիս տեղափոխեց GOT-ի յուրահատուկ աշխարհ, այլև նոր շունչ հաղորդեց Թարգարիենների ընտանիքի պատմությանը: Այս սերիալը մեզ տանում է ժամանակներ, երբ Թարգարիենները դեռ իշխում էին Վեստերոսում՝ իրենց վիշապների ուժով: «Վիշապների տունը» պատմում է, թե ինչպես ընտանիքի ներսում սկսված ներքին պայքարները վերածվեցին «Վիշապների պարի»՝ քաղաքացիական պատերազմի, որը վտանգի տակ դրեց նրանց ամբողջ իշխանությունը:

Սերիալը նոր կերպարներ, դրամատիկ իրադարձություններ և անսպասելի դավադրություններ է բերում էկրան, բացահայտելով Թարգարիենների ընտանիքի պատմության մութ անկյունները: Եվ քանի դեռ բոլորս սպասում ենք նոր սերիալի հետագա զարգացումներին, Ջորջ Մարտինը վերջերս բացահայտեց, որ «Գահերի Խաղի» այլ նոր սփին-օֆֆերն արդեն մշակման փուլում են, և դրանցից յոթն արդեն աշխատանքային ընթացքի մեջ են: Խոսքը գնում է երեք խաղային և չորս անիմացիոն սերիալների մասին: Այս ծրագրերը դեռ տարբեր փուլերում են, և հստակ չէ՝ արդյոք բոլորը կհասնեն մեր էկրաններին, թե ոչ:

Այնուամենայնիվ, այս նորությունը ստիպում է մտածել, թե ո՞ր պատմությունները կարող են մեծ էկրանին հայտնվել… կամ որո՞նք կուզեինք, որ սկսեին նկարահանվել։
Վստահ ենք, որ դու նույնպես մի շարք հետաքրքիր գաղափարներ ունես, այնպես որ արի միասին մտածենք, թե ինչ նոր սցենարներ կարող են լինել նոր սփին-օֆֆերի համար։


👉 Վալիրիայի կործանումը

Ջորջ Մարտինը հազվադեպ է մանրամասնում Վալիրիայի կործանման մասին, սակայն ակնհայտ է, որ դա եղել է ահռելի մասշտաբների իրադարձություն: «Վիշապների պարը» գրքում նշվում է, որ այդ հզոր պետությունը կործանվել է մեկ օրում, երբ «հրաբուխները դուրս են հանել ծուխ, մոխիր և կրակ, որոնցից անգամ օդում գտնվող վիշապները չեն կարողացել փրկվել»: Եթե այս պատմությունը վերածվի սերիալի, այն կարող է մեզ ներկայացնել այն ողբերգական պատճառները, որոնք հանգեցրել են Վալիրիայի կործանմանը, և միաժամանակ ավելացնել նոր գույներ Մարտինի աշխարհին:

👉 Դեյմոն Բլեքֆայրի պատմությունը. մեկ ընտանիք, երկու ճակատագիր

Թարգարիենների ընտանիքը Վեստերոսին բազմապիսի առաջնորդներ է տվել, բայց եղել են նաև այնպիսիք, որոնց գահին նույնիսկ մոտ թողնել պետք չէր: Խենթ Էյրիսը և Էյգոն IV-ը, որոնցից վերջինս ստացել է «Անարժան» մականունը, հենց այդպիսինն էին: Էյգոնն առանձնանում էր իր անհավասարակշիռ պահվածքով և սիրուհիների մեծաքանակ թվով, որոնցից շատերը նրանից երեխաներ էին ունեցել։ Մահից առաջ արքան օրինականացրել էր երեխաներին, և այս քայլը հանգեցրել էր ժառանգական վեճերի։

Թարգարիենների ընտանիքում երբեք ոչինչ հարթ չի եղել, և ապօրինի զավակների ճանաչումն այս անգամ էլ բարդացրեց իրավիճակը: Դեյրոն Թարգարիենը, որը Երկաթե գահի օրինական ժառանգն էր, հայտնի էր իր խաղաղասեր բնավորությամբ և հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու նախընտրությամբ: Բայց իրավիճակն ավելի է լարվում, երբ հայտնվում է Դեյմոն Բլեքֆայրը՝ Էյգոնի ապօրինի, բայց շատ ավելի ազդեցիկ և խարիզմատիկ զավակը:

Դեյմոնը, լինելով վարպետ ռազմիկ և իսկական ասպետ, չէր կարող համակերպվել իր իրավունքների անտեսման հետ: Երբ նա 12 տարեկան էր, Էյգոնը նրան էր հանձնել Թարգարիենների ընտանեկան սուրը՝ Սև կրակը, ինչը խորհրդանշում էր իր մեծ ճակատագիրը: Էյգոնի մահից հետո Դեյմոնը պահանջեց իր իրավունքը գահին, և, իհարկե, պալատում հայտնվեցին մարդիկ, ովքեր աջակցեցին նրան: Նրա ապստամբությունն արագորեն ճնշվեց, բայց դրա ազդեցությունը դեռ երկար տարիներ շարունակեց թափանցել Թարգարիենների ընտանիքի պատմության մեջ:

Բլեքֆայրի ապստամբությունը պատմության կրկնություն է թվում, չէ՞: Նորից Թարգարիենների երկու ճյուղերի միջև պայքար, նորից պալատական բաժանումներ, նորից երկու թեկնածուներ, որոնք ունեն իրենց ճշմարտությունը: Մեկ տարբերություն՝ այս անգամ առանց վիշապների, որոնք այդ ժամանակ արդեն վերացել էին:


👉 Բարաթեոնների ապստամբությունը

Բարաթեոնների ապստամբությունը մնում է այն իրադարձություններից մեկը, որը շատերը կցանկանային տեսնել էկրաններին: Այս պատմությունը ներառում է Ռեյգար Թարգարիենի և Լիաննա Սթարքի սիրային դրվագը, որի պատճառով սկսվեց քաղաքացիական պատերազմ:

Լեգենդը պատմում է, որ Ռեյգարն առևանգել է Լիաննային, ինչն էլ ստիպել է Խենթ Արքային հրամայել սպանել Սթարք ընտանիքի անդամներին և, ի վերջո, այս պատճառով էլ սկսել է ապստամբությանը:

Մենք գիտենք, թե ինչպես սկսվեց և ավարտվեց այս պատերազմը, բայց շատ երկրպագուներ ցանկանում են ավելին իմանալ Ռեյգարի և Լիաննայի պատմության մասին, ինչպես նաև՝ ի՞նչ տեսավ Նեդն Ուրախության աշտարակի ներսում, ինչպե՞ս Ջեյմե Լանիսթերը ստացավ «Թագավորասպան» մականունը և ինչպե՞ս փոթորկոտ գիշերում ծնվեց արքայադուստր Դեյներիսը: Այս սյուժեն, անկասկած, կշարունակի հետաքրքրել «Գահերի Խաղի» երկրպագուներին:

👉 Արիա Սթարքի ապագան

«Գահերի Խաղի» եզրափակչից հետո Արիա Սթարքի ապագան մնում է բաց և հետաքրքրաշարժ: Մինչ նրա ընտանիքի մյուս անդամները զբաղված են իրենց գահերով և կառավարման հարցերով, Արիան որոշում է հայտնաբերել այն, ինչի մասին ոչ ոք չգիտի՝ արևմուտքի անհայտ հողերը: Հենց այս անհայտությունն է, որ ստիպում է մեզ հետաքրքրվել՝ ի՞նչ նոր արկածներ կարող են սպասվել Արիային:

Եվ այստեղ սկսվում են «բայցերը»: HBO-ն դեռևս հետաքրքրված չէ «Գահերի խաղի» եզրափակչից հետո զարգացող իրադարձություններով՝ բոլոր ստեղծվող սփին-օֆֆերը տեղի են ունենում Մարտինի աշխարհի անցյալում: Միակ բացառությունը «Սնոուն» էր՝ Ջոն Սնոուի նոր արկածների մասին սերիալը, սակայն այս նախագիծը սառեցվել է։ Թեև Արիայի հետագա ճակատագիրը հեռանկարում ավելի հարուստ և հետաքրքիր է թվում, քան այն, ինչ սպասվում է Ջոն Սնոուին Մեծ պատի հետևում, դա կարող է չբավարարել: Երկրորդ փաստարկը՝ արդեն արտադրության մեջ գտնվող «Ծովային Օձը», որը ոճով շատ մոտ է Արիայի պատմությանը (ծովային ճամփորդություններ, օվկիանոսային հողեր, էկզոտիկ հրաշալիքներ): Եվ երրորդ՝ արտադրական ծախսերը. եթե «Ծովային Օձը» սերիալի արտադրության բյուջեն դեռ կարելի է փոքրացնել՝ այն վերածելով անիմացիոն սերիալի, ապա Արիայի դեպքում այդպիսի քայլը երկրպագուները չեն ընդունի:

👉 Անանունների ակումբը

Արիայի կյանքի մի կարևոր մաս էլ նրա հանդիպումն էր Յակեն Հգարի հետ՝ «Անանունների» կազմակերպության անդամի, որը հանդես է գալիս որպես վարպետ մարդասպան: Անանունները կարող են փոխել իրենց արտաքին տեսքը և պատժել ցանկացածին՝ համապատասխան վճարի դիմաց:

Միջնադարյան մարդասպանների կազմակերպության գործունեության մասին սերիալը, որտեղ յուրաքանչյուր սերիայում հերոսը կփոխեր իր տեսքը և նոր մեթոդով կհասներ իր թիրախին, հաստատ կթարմացներ Մարտինի աշխարհը: Մյուս կողմից, հանդիսատեսը կարող է չընդունել հերոսին, որը ամեն սերիայում փոխում է իր տեսքը, և, չնայած «Սառույցի և կրակի երգի» աշխարհի երկիմաստությանը, վարձու մարդասպանները, այնուամենայնիվ, բացասական հերոսներ են, որոնց հաճախ դժվար է համակրել:

Ինչքան էլ մտածենք կամ երազենք, փաստն այն է, որ այս պահին աշխատանքների կամ նկարահանումների փուլում են գտնվում հետևյալ սփին-օֆֆերը՝ «Վիշապների տունը», «Յոթ թագավորությունների ասպետը», «Էյգոնի նվաճումը», «Ծովային Օձը» և «Տասը հազար նավ»-ը։ Մնում է միայն սպասել նորությունների ու հուսալ, որ մեր սիրելի պատմությունները շուտով կստանան իրենց էկրանավորումները։

Եվ, ինչպես ասում են՝ Valar Dohaeris…

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը