Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

6 պատմական սերիալ, որոնք կգրավեն ուշադրությունդ

6 պատմական սերիալ, որոնք կգրավեն ուշադրությունդ

17-09-2024

6 պատմական սերիալ, որոնք կգրավեն ուշադրությունդ

Անցյալի իրադարձություններն ու պատմությունները սերիալներում մշտապես ուշադրություն են գրավում և, ասես, ինչ-որ հատուկ հետաքրքրություն առաջացնում։ Վերջերս ավելի ու ավելի շատանում են պատմական հիմքով կամ ակնարկով սերիալները, որոնք յուրահատուկ ձևով են ներկայացնում անցյալի իրական կամ հորինված իրադարձությունները։ Երբ համադրվում են պատմությունն ու ժամանակակից հումորը, երաժշտությունն ու տրամադրությունը՝ կտրվելն անհնար է դառնում։

Նման բում սերիալներից էր «Bridgerton»-ը, որը վերջերս իրական սենսացիա դարձավ ֆիլմարտադրության ոլորտում։ Այս սերիալի մասին դեռ կխոսենք, իսկ հիմա քեզ համար պատրաստել ենք պատմական թեմայով սերիալների ցուցակ, որոնք հաստատ կհավանես, եթե քեզ դուր է եկել «Bridgerton»-ը։

📌🎬 Dickinson (2019)

«Dickinson» սերիալը պատմում է 1800-ականներին ապրած ամերիկուհու՝ Էմիլի Դիքինսոնի մասին, ով ամեն գնով ցանկանում էր հայտնի բանաստեղծուհի դառնալ։ Փոքրիկ սփոյլեր. նրան հաջողվում է, քանի որ այսօր Էմիլի Դիքինսոնը համարվում է ամերիկյան մեծագույն գրողներից մեկը։

Սերիալում քննարկվում են ամենատարբեր թեմաները՝ սեր, ատելություն, պատերազմ, կորուստ, գենդերային անհավասարության խնդիրներ, բայց, իրականում, սերիալը բավականաին թեթև է, համեմված է յուրահատուկ հումորով, իսկ կերպարները գրավիչ ու գեղեցիկ են։ Այս ամենի հետաքրքիր լրացումն էլ սաունդթրեքերն են՝ ժամանակակից երաժշտություն, որը ոչ մի կերպ չի համապատասխանում 1800-ականների տրամադրությանը, բայց հիանալի ձևով համապատասխանում է սերիալում ցուցադրվող դրվագներին։

🎞️ Սերիալն ունի երեք սեզոն, իսկ էպիզոդները՝ մոտավորապես 30 րոպե տևողություն։

Հաստատ արժե դիտել, եթե սիրում ես մելոդրամաներ, փարթամ զգեստներ ու պարահանդեսներ։

📌🎬 The Great (2020)

«The Great» սերիալը պատմում է ռուսական կայսրուհի Եկատերինա Մեծի իշխանության գալու և իր դիրքն ամրապնդելու մասին։ Սակայն այս պատմությունը շատ հեռու է դասական կենսագրական ֆիլմերից։ Այն լի է սարկազմով, ծիծաղելի դրվագներով և անհավանական կերպարներով, որոնք անմոռանալի ժամանց կապահովեն:

Ուրեմն, երիտասարդ գերմանուհի արքայադուստրը՝ Սոֆիա Աուգուստա Ֆրեդերիկա Անհալտ-Ցերբստցին, ամուսնանում է Ռուսաստանի կայսր Պետրոս III-ի հետ և դառնում Եկատերինա II։ Սկզբում, նա հույս ուներ գտնել սեր ու երջանկություն, բայց շատ շուտով հիասթափվում է ամուսնուց՝ թե՛ որպես մարդ, և թե՛ որպես կառավարիչ։ Մինչ Պետրոսը պալատում անվերջ խնջույքներ է կազմակերպում, որսի գնում, ժամանակ անցկացնում սիրուհիների հետ ու նվաստացնում իր հպատակներին, երիտասարդ Եկատերինան ստիպված է լինում կառավարումն իր ձեռքը վերցնել, որպեսզի հետագայում դառնա «Մեծն կայսրուհի»։

🎞️ Սերիալն ունի երեք սեզոն, իսկ էպիզոդները՝ մոտավորապես 50 րոպե տևողություն։

Արժե դիտել, քանի որ սերիալը շատ միջավայրային է, ստեղծում է համապատասխան տրամադրություն, իսկ կերպարները ստացված ու հմայիչ են։

📌🎬 Bridgerton (2020)

Հասանք «Bridgerton»-ներին. ո՞նց կարող էինք բաց թողնել։
«Bridgerton» սերիալն իրական միջազգային սենսացիա է դարձել։ Ներկայիս ամենահայտնի ընտանիքների սիրային հարաբերությունների մասին պատմությունները հետաքրքրում են հազարավոր երկրպագուների, իսկ պատմությունների հանգուցալուծումները քննարկումների առիթներ են դառնում։

Ինչ խոսք, Բրիջերթոններն իրոք արժանի են այդ ուշադրությանը. սիրուն պատմություններ, մտածված սցենարային լուծումներ, հիանալի միջավայր, գեղեցիկ կերպարներ… էլ ի՞նչ է պետք։ Այս սերիալը հմայում է կերպարների զարգացման ճանապարհով և բնականաբար՝ անսպասելի շրջադարձերով։

Եթե որևէ մեկը բաց է թողել՝ դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարի սկզբին Լոնդոնում, կենտրոնում Բրիջերթոնների հարուստ և հարգված ընտանիքն է։ Ընտանիքի գլուխը լեդի Վայոլետն է, ով այրիացել է ամուսնու՝ Էդմունդի մահից հետո, և ունի ութ երեխա՝ չորս որդի և չորս դուստր։ Երեխաները դեռ երիտասարդ են և ամուսնացած չեն։ Նրանք փորձում են գտնել իրենց տեղը բարձր հասարակության մեջ, մասնակցում են պարահանդեսների՝ զույգ գտնելու հույսով։ Նրանց ճակատագիրն ու համբավը կախված են բրիտանական թագուհու բարեհաճությունից և գաղտնի լեդի Ուիսլդաունի բամբասանքներից…

🎞️ Սերիալն ունի երեք սեզոն, իսկ էպիզոդները՝ մոտավորապես 60 րոպե տևողություն։

Այստեղ կհանդիպես վառ հագուստներ, շքեղ պարահանդեսներ և, իհարկե, գաղտնիքներ, որոնք պատրաստ են բացահայտվել։

📌🎬 Queen Charlotte: A Bridgerton Story (2023)

Թեման չփոխելով՝ «Bridgerton»-ի աշխարհում տեղի ունեցող սերիալներից մեկը՝ «Queen Charlotte: A Bridgerton Story»-ն է, որը կենտրոնանում է թագուհի Շառլոթի կյանքի պատմությանը։ Սա հետաքրքրաշարժ և հուզիչ պատմություն է երիտասարդ թագուհու մասին, ով փորձում է գտնել իր տեղը մի աշխարհում, որտեղ իշխանությունը հաճախ ոչ թե պարգև է, այլ մարտահրավեր։

Սերիալի ընթացքում պարբերաբար տեսնում ենք «Bridgerton»-ից արդեն իսկ ծանոթ դեմքերի, հանդիպում իրադարձությունների, որոնք լրիվ նոր լույսով են բացահայտում Բրիջերթոնների պատմությունը։

Մեր համեստ ու սուբյեկտիվ կարծիքով՝ «Queen Charlotte»-ը Բրիջերթոնների բոլոր պատմություններից ամենահաջողվածն է։ Թագուհու սառը կերպարի հետևում մի մեծ պատմություն է թաքնված. մեծ սիրային պատմություն՝ տխուր, բայց անչափ գեղեցիկ։ Խոստանում ենք, որ վերջում դժվարությամբ ես զսպելու արցունքներդ։

🎞️ Սերիալն ունի մեկ սեզոն, իսկ էպիզոդները՝ մոտավորապես 60 րոպե տևողություն։

Եթե դիտել ես «Bridgerton»-ը, ապա անպայման պետք է դիտես նաև «Queen Charlotte»-ը, իսկ եթե դեռ ոչ՝ ապա ու՞մ ես սպասում։

📌🎬 My Lady Jane (2023)

«My Lady Jane»-ը ժամանակակից ակնարկ է պատմական ֆանտաստիկայի ժանրին։ Այստեղ պատմությունը նորովի է մատուցվում՝ համադրվում են հումորը, սիրային հարաբերությունները և մոգությունը՝ առաջարկելով նորովի գնահատել անցյալի իրադարձությունները։

Ուրեմն, XVI դար. Լեդի Ջեյն Գրեյը, լինելով թագավորական ընտանիքի անդամ, ունի ոչ միայն բազմաթիվ արտոնություններ, այլև պարտավորություններ: Նրան ստիպում են ամուսնանալ հմայիչ լորդ Գիլֆորդ Դադլիի հետ, որը թաքցնում է մի մութ գաղտնիք: Ամուսնությունից անմիջապես հետո Ջեյնը դառնում է մահացող Էդուարդ VI թագավորի հաջորդը, սակայն Էդուարդի քույրը՝ արքայադուստր Մարիան նույնպես հավակնում է գահին: Բայց գահաժառանգությունը չէ թագավորական ընտանիքի գլխավոր խնդիրը։ Երկրում ապրում են էդիանցիներ՝ մարդիկ, ովքեր օժտված են գերբնական ուժով և կարողանում են տարբեր կենդանիների վերածվել։ Նրանց գոյությունն արգելված է, ինչի պատճառով էլ բազմաթիվ ըմբոստություններ են լինում։

Լեդի Ջեյնը փորձում է վերջ դնել խտրականություններին և ընդունել էդիանցիներին, սակայն Մարիան կտրականապես հակառակ կարծիք ունի այս հարցի շուրջ։
Այսպիսով, Անգլիան կանգնած է քաոսի առաջ՝ մի կողմից թագավորությունը, մյուս կողմից էլ էդիանցիներն ու սերը։

🎞️ Սերիալն ունի մեկ սեզոն, իսկ էպիզոդները՝ մոտավորապես 50 րոպե տևողություն։

📌🎬 The Decameron (2024)

XIV դարի կեսեր. Եվրոպայում տարածվում է բուբոնային ժանտախտը՝ մարդկության պատմության ամենամահաբեր համաճարակը, որը խլում է ինչպես աղքատների, այնպես էլ հարուստների կյանքեր։ Մի քանի ազնվական երիտասարդներ և աղջիկներ Ֆլորենցիայից իրենց ծառաների հետ մեկնում են Սանտա գյուղական վիլլա, որտեղ նրանց հրավիրել է առեղծվածային ազնվական Լեոնարդոն՝ ժանտախտից պաշտպանվելու նպատակով: Այն, ինչ սկսվում է որպես շքեղ տոն՝ նրբաճաշակ ուտեստներով, թանկարժեք գինով և տարբեր հաճույքներով, աստիճանաբար վերածվում է գոյատևման համար պայքարի, որը շատ ավելի սարսափելի է, քան Սև մահը։

Սերիալը մի փոքր տարբերավում է «Դեկամերոն»-ի օրիգինալ սյուժեից, բայց և սցենարային մեծ համընկնումներ ունի։

«The Decameron»-ն անտանելի մեծ ցինիզմով է վերաբերվում մահվան գաղափարին. մահն այնքան շատ է, որ բոլորի համար դարձել է սովորական, հեշտ ընկալելի, առօրեական երևույթ՝ շնչելու կամ սնվելու նման։ Սերիալը համեմված է յուրահատուկ հումորով ու կերպարային տարբեր առանձնահատկություններով։

Թեև սերիալը բացահայտում է պատմական դեպքեր և մարդկային դաժան իրականությունը՝ զուգորդելով դրանք անձնական պատմություններով ու դրամատիզմով, բայց նաև բվականին թեթև է ու հեշտ դիտվող։

🎞️ Սերիալն ունի մեկ սեզոն, իսկ էպիզոդները՝ մոտավորապես 50 րոպե տևողություն։

Եթե հավանել ես այս սերիալներից գոնե մեկը, ապա վստահեցնում ենք, որ մյուսները ևս կհավանես։ Այս սերիալներում ներկայացվում են տարբեր պատմական իրադարձություններ՝ հորինված կամ իրական, որոնք զուգակցվում են ժամանակակից իրականության, երաժշտության ու տրամադրության հետ։ Այնպես որ, հարմար տեղավորվիր ու պատրաստվիր սուզվել պատմության գիրկը։

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը