Հայաո Միյաձակին և նրա լավագույն անիմացիոն ֆիլմերը
27-09-2024
Լյուպենը, Տոտորոն, Տիհիրոն ու Մոհիտոն… եթե ճանաչում ես այս բոլոր կերպարներին, ուրեմն ծանոթ ես նաև Միյաձակիի գերող, ոգեշնչող ու կախարդող աշխարհներին։
Հայաո Միյաձակին արվեստագետ է, որի ֆիլմերն առանձնանում են իրենց հուզիչ խորությամբ և գեղարվեստական ինքնատիպությամբ։ Յուրաքանչյուր նոր ֆիլմը կարծես նրա հերթական վերածնունդն է, երբ նա դուրս է գալիս իր ներքին աշխարհից և վերակենդանանում, որպեսզի ստեղծի հերթական գլուխգործոցը։ Չնայած նրան հաճախ անվանում են «բարի հեքիաթներ» ստեղծող, նրա ֆիլմերում շատ են ցավը, զայրույթը և լուռ ընդունումը, որ մարդկությունը դատապարտված է։
Մենք փորձել ենք ընտրել նրա անիմացիոն ֆիլմերից լավագույնները, բայց դա անելը բավականին դժվար է՝ հաշվի առնելով, թե ինչքան շատ հիասքանչ գործեր ունի Միյաձակին իր ֆիլմագրաֆիայում։
🎬 Lupin III: Cagliostro no Shiro / Lupin III: The Castle of Cagliostro / «Լյուպեն III․ Քալիոստորո դղյակը» (1979)
✨ Արկածախնդրային դեբյուտ
Միյաձակիի առաջին լիամետրաժ դեբյուտը հայտնի «Լյուպեն III» անիմացիոն ֆիլմն է՝ գող Լյուպենի մասին, որն այնքան վստահ է իր ուժերին, որ իր ապագա զոհերին ուղարկում է այցեքարտեր՝ մանրամասնորեն նկարագրելով, թե ինչ է նա պատրաստվում գողանալ։ Միյաձակին իր կարիերան սկսել է 1970-ականների սկզբին հենց այս ֆիլմի ռեժիսորի դերում՝ աշխատելով նաև Իսաո Թակահատայի հետ, որը հետագայում դարձավ նրա ամենամտերիմ գործընկերն ու Studio Ghibli-ի համահիմնադիրներից մեկը։
Այսօր «Քալիոստորո դղյակը» համարվում է նրա առաջին փորձը՝ աներևակայելի տաղանդի տեխնիկական դեմոն։ Հետապնդումներ, կողոպուտներ, սիրային ինտրիգներ և 19-րդ դարի եվրոպական արկածային վեպերի նուրբ ոգի. Միյաձակիին հաջողվել է այս ամենն ամբողջացնել մեկ ֆիլմում։ Սակայն այս ֆիլմում դժվար է գտնել իրական Միյաձակիին՝ պետք է որոնել ռեժիսորի ձեռագիրն անիմացիայի նուրբ դետալներում, հին Եվրոպայի պատկերներում, որոնց նա այդքան սիրահարված է, և շարժման պատկերացման մեջ, երբ հերոսները դառնում են ավելի կենդանի, քան իրականությունը։ Հասկանալի է, թե ինչու «Քալիոստորո դղյակը» Միյաձակիի ֆիլմագրաֆիայում որոշակի անցումային դիրք ունի․ շատ երկրպագուներ համարում են նրա իրական դեբյուտը «Nausicaä of the Valley of the Wind» («Նավսիկայան քամիների հովտից») ֆիլմը։ Բայց դա չպետք է ընկալվի որպես հակակրանք ֆիլմի հանդեպ․ սա լավ ֆիլմ է, պարզապես հետո Միյաձակին սկսելու է ստեղծել իրական մեծ կինո։
🎬 Kaze no Tani no Naushika / Nausicaä of the Valley of the Wind / «Նավսիկայան քամիների հովտից» (1984)
✨ Առաջին իրական Միյաձակի
Մեկ այլ «դեբյուտ»՝ այս անգամ Միյաձակիի առաջին ինքնուրույն լիամետրաժ աշխատանքը։ Ֆիլմը հիմնված է նրա սեփական մանգայի վրա։ Սա գեղեցիկ պոստապոկալիպտիկ դրամա է մի աշխարհի մասին, որտեղ բնությունը բառացիորեն վեր է ելել մարդկանց դեմ․ կորած մարդկությունը շրջապատված է թունավոր անտառներով և մեծ, սարսափելի միջատներով։ Ոմանք փորձում են ճակատագրին դիմադրել կրակի միջոցով, իսկ Նավսիկայայի պես հերոսուհին փորձում է բոլոր ուժերով կապ հաստատել իր շուրջ եղած թունավոր աշխարհի հետ։
Միյաձակին հեռանում է «Լյուպեն» ֆիլմի խիստ ժանրային ձևերից և ընտրում ազատությունը։ Նա բավականին շատ տեսարաններ է նվիրում լուռ դիտարկմանը, հիանում է մահացու վտանգավոր անտառի սարսափելի գեղեցկությամբ և հաճախ պարզապես թողնում է, որ հերոսուհին մենակ մնա իր մտքերի հետ։ Վերջում, նա օգտագործում է բոլոր ռեսուրսները՝ մի մեծ ու սարսափելի գործողությունների տեսարան ստեղծելու համար, որտեղ մարդիկ ջանասիրաբար փորձում են ոչնչացնել իրենց փրկության վերջին հնարավորությունը։
Սա կարող էր համարվել նրա լավագույն ֆիլմերից մեկը, եթե չլիներ մի մեծ բայց․ ավելի ուշ Միյաձակին նկարահանելու է շատ նման մեկ այլ ֆիլմ, բայց շատ ավելի լավը՝ «Princess Mononoke» («Մոնոնոկե արքայադուստրը») ։
🎬 Tonari no Totoro / My Neighbor Totoro / «Իմ հարևան Տոտորոն» (1988)
✨ Խաղաղ կինո՝ ցավոտ թեմայով
Երկու քույրեր տեղափոխվում են նոր տուն և անտառում հանդիպում են բարեհոգի կախարդական արարածներին․ այսպես է սկսվում Միյաձակիի կարիերայի ամենակարևոր ֆիլմերից մեկը։ Ֆիլմ, որը հետագայում ամրապնդեց Studio Ghibli-ի դիրքերը և ռեժիսորին դարձրեց մեր ժամանակների ամենահայտնի անիմատորներից մեկը։ Ֆիլմի հմայքն առաջին հայացքից այնքան էլ ակնհայտ չէ․ այստեղ չկա սուր հակամարտություն կամ որևէ կոնկրետ սյուժետային գիծ։ Ֆիլմի ընթացքում մենք պարզապես հետևում ենք, թե ինչպես են երկու փոքրիկ աղջիկները բացահայտում զարմանահրաշ կախարդանքը։
Սակայն, ինչպես հաճախ է լինում Միյաձակիի մոտ, ֆիլմի լույսը ծնվում է ցավից։ Կախարդական աշխարհն այդքան հաճելի է, որովհետև այն հակադրվում է դատարկ տան հետ։ Ինչ-որ պահի հասկանում ենք, թե ինչու են աղջիկներն ազատ շրջում անտառներում, և նրանց հետևում է միայն զբաղված հայրիկը․ նրանց մայրիկը հիվանդ է և գտնվում է հիվանդանոցում։ Սա հենց Միյաձակիի բաց վերքն է․ մարդ, որը երկար ժամանակ ապրել է մայրիկի հետ, որը տուբերկուլյոզի պատճառով մահճակալին էր գամված։ Ռեժիսորը ստիպված է եղել շատ վաղ տարիքում մեծանալ և պատասխանատվություն վերցնել ուրիշների համար։ «Իմ հարևան Տոտորոն» լցված է մանկական անմիջականությամբ, քանի որ հենց ինքը՝ ռեժիսորը, մանկություն չի ունեցել։ Սա կինո-թերապիա է՝ և՛ նրա, և՛ միլիոնավոր հանդիսատեսի համար, քանի որ փափուկ անտառային ոգին 1988-ից ի վեր դարձել է ամենաարդար ու բարի բաների խորհրդանիշ, որ կարող է տալ կյանքը երեխաներին։
🎬 Majo no Takkyūbin / Kiki's Delivery Service / «Կախարդուհու առաքման ծառայությունը» (1989)
✨ Կախարդական ֆիլմ առօրյա բաների մասին
Միանշանակ, ոչ բոլոր ֆիլմերում է Միյաձակին մտահոգվում աշխարհի ճակատագրի կամ մարդկության մեղքերի մասին։ Ռեժիսորը կարողանում է աներևակայելի կերպով աշխատել նաև ավելի նուրբ թեմաների շուրջ։ Օրինակ՝ «Կախարդուհու առաքման ծառայությունը»՝ պարզ առօրյա կինո։ Սա երիտասարդ կախարդուհու քնքուշ պատմությունն է, որը փորձում է գտնել իր տեղը եվրոպական փոքրիկ քաղաքի աշխույժ կյանքում և առաջարկ է ստանում աշխատելու որպես առաքիչ՝ շնորհիվ իր կախարդական ավելի և հմայիչ կատու Ջիջիի (նա աշխատանքի հետ կապ չունի, բայց առանց նրա չի լինի)։
Այստեղ Միյաձակին օգտագործում է կախարդանքը ոչ թե դիտողին այլ աշխարհ տեղափոխելու համար, այլ մեր սովորական աշխարհը մի փոքր ավելի մոգական դարձնելու համար։ Ստացվում է, որ, «Կախարդուհու առաքման ծառայությունը» պարզապես սիրուն պատմություն է դեռահասի ինքնաբացահայտման, մեծ քաղաք տեղափոխվելու և պատասխանատու, չափահաս դառնալու մասին՝ առանց մանկության կախարդանքը կորցնելու։
🎬 Mononoke Hime / Princess Mononoke / «Մոնոնոկե արքայադուստրը» (1997)
✨ Միյաձակիի ամենադաժան ֆիլմը
Պատանին փորձում է փրկել իր գյուղը՝ ազատվելով անեծքից և հայտնվում է արդյունաբերական քաղաքի ու անտառի բնակիչների պատերազմի մեջտեղում։ Ֆիլմի սյուժեն, կարծես, դասական էկո-հեքիաթ լինի՝ համահունչ Միյաձակիի մյուս գործերին։ Սակայն «Նավսիկայայի» (Nausicaä of the Valley of the Wind) համեմատ, այստեղ առանձնանում է անսպասելի դաժանությունը։ Ռեժիսորը երբեք չի խուսափել իր ֆիլմերում արյուն ցույց տալուց, բայց «Արքայադուստր Մոնոնոկե»-ում նա հատուկ ընդգծում է կոտրված աշխարհի սարսափը։ Օրինակ, անեծքը դարձնում է հերոսին այնքան ուժեղ, որ նրա նետերը կարող են կտրել թշնամիների գլուխներն ու ձեռքերը։
Այստեղ հեշտ է մոլորվել հակասությունների մեջ։ Տեխնոլոգիական առաջընթացի և բնության հակամարտությունը շատ բարդ կողմեր ունի։ Միյաձակին չի բաժանում կերպարներին վատերի կամ բացարձակ լավերի։ Հերոսը՝ հանդիսատեսի հետ միասին, հայտնվում է մի իրավիճակում, երբ իր շուրջն առկա առեղծվածային աշխարհն ամբողջությամբ հասկանալի չէ։ Դա կարող է առաջին հայացքից շփոթեցնել, բայց հենց դրանում է ֆիլմի հմայքը։ Այն, կարծես, բացարձակ թափանցիկ է, բայց միևնույն ժամանակ խուսափում է հստակ ձևակերպումներից՝ նախընտրելով պայծառ կերպարային պատկերները։ Էպիկական ավարտն էլ իր հերթին է հիացնում, երբ անտառի ոգին անցնում է իր տիրույթներով ու գրեթե հրաժարվում է բառերից, որովհետև, ի վերջո, մարդկությանը, կարծես թե, այլևս ասելու բան չկա։
🎬 Sen to Chihiro no Kamikakushi / Spirited Away / «Ուրվականներից քշվածները» (2001)
✨ Օսկարային հաղթանակ
Հազվադեպ է լինում, երբ մի ֆիլմ կարողանում է այդքան հզոր կերպով հաղթահարել բոլոր մշակութային խոչընդոտները: «Ուրվականներից քշվածները» քամու նման գրավեց համաշխարհային կինովարձույթը և դարձավ պատմության մեջ միակ անիմացիոն ֆիլմը, որը ստացել է «Օսկար» ոչ անգլալեզու ֆիլմերի համար (2024 թվականին «Ուրվականներից քշվածները» ֆիլմին միացավ «Տղան և ձկնկուլը»): Հավանաբար, ֆիլմը համոզել է մի շարք թերահավատ դիտորդների, որ ճապոնական անիմացիան կարող է լինել շատ հասկանալի ու հիասքանչ։
Սա Տիհիրոյի պատմությունն է, ով փորձում է փրկել իր ծնողներին զուգահեռ կախարդական աշխարհից: Ֆիլմը դարձավ դասական օրինակ, և դժվար է պատկերացնել, որ ժամանակակից հեքիաթասաց-անիմատորներից որևէ մեկը չի դիտում այս ֆիլմը յուրաքանչյուր ստեղծագործական դժվարության ժամանակ:
Տարիների ընթացքում «Ուրվականներից քշվածները» ֆիլմի արժեքը միայն մեծանում է: Չեն հնանում ոչ կախարդական էակների հրաշալի դիզայնները, ոչ էլ աղջկա հուզիչ պատմությունը, որը չի կարողանում անտարբեր մնալ շուրջը տառապող մարդկանց նկատմամբ: Բայց արագ տեղեկատվության և կարճ բովանդակության դարում նորովի ես սկսում գնահատել Միյաձակիի՝ դադարների, սյուժեի ճեղքերի և լռության հետ աշխատելու կարողությունը: Ֆիլմի լավագույն պահերից մեկը ոչ թե վառ տեսարան է կամ սրտառուչ երկխոսություն, այլ Տիհիրոյի՝ գնացքի ուղևորությունը: Այնքան հանդարտ էպիզոդ, որ ուղղակի դիպչում է հանդիսատեսի հոգուն․ պարզվում է, երբեմն կարելի է ուղղակի լռել, դանդաղել, և այդ ընթացքում կախարդանքը ոչ մի տեղ չի կորի։
🎬 Hauru no Ugoku Shiro / Howl’s Moving Castle / «Հաուլի քայլող ամրոցը» (2004)
✨ Նորաոճ հակապատերազմական սթիմպանկ
Սթիմպանկ-դրամա մի աղջկա մասին, ով անեծքի պատճառով վերածվում է տարեց կնոջ։ Սա Միյաձակիի կարիերայի ամենաընդունելի կերպարների համադրումն է։ Այստեղ կա Կալցիֆերը՝ զվարճալի դև-կրակը, կախարդ Հաուլը և, իհարկե, գլխավոր հերոսը՝ Քայլող ամրոցը՝ հսկայական շոգեմեքենա, որը կարծես հավաքված լինի միմյանց վրա դրված մեխանիկական տարրերից։ Այս անհավանականորեն յուրօրինակ ամրոցը շատ գեղեցիկ է և զարմանալիորեն ներդաշնակ՝ գյուղական տեսարանների հետ։ Սա հիանալի խորհրդանիշ է այն բանի, թե ինչպես մեքենաներն ու բնությունը կարող են համատեղ գոյակցել։
Այդ ֆոնին հեշտ է մոռանալ, որ «Հաուլի քայլող ամրոցը» ֆիլմի սյուժեն այնքան էլ նրբագեղ չէ, որքան առանձին տեսարանները։ Ֆիլմի ինտոնացիայի վրա մեծապես ազդել է Միյաձակիի հակակրանքը Իրաքի պատերազմի նկատմամբ․ ռեժիսորը նույնիսկ բոյկոտել է ամերիկյան պրեմիերաներն ու «Օսկար»-ը։ Եվ այս մոտեցումը, կարծես, վնասում է ֆիլմին․ Սոֆիի իսկապես հմայիչ պատմությունն ընդհատվում է մարդու ինքնաոչնչացման մղման մասին մտորումներով։ Միյաձակիի միտքն ընկալելի և կարևոր է, բայց այլ ֆիլմերում նա չէր զոհաբերում պարզությունը հանուն բարոյականության։
🎬 Gake no Ue no Ponyo / Ponyo on the Cliff / «Պոնյո ձկնիկը ժայռին» (2008)
✨ Ռեժիսորի ամենաբարի ֆիլմը
«Հաուլի քայլող ամրոցից» հետո Միյաձակին որոշում է փոքր-ինչ հանգստանալ աշխարհի ճակատագրի մասին մտահոգություններից և ստեղծել ֆիլմ բոլորովին այլ ձևաչափով։ «Պոնյո ձկնիկը ժայռին» ֆիլմի վրա մեծապես ազդել է այցելությունը Թեյթ բրիտանական պատկերասրահ. մշտապես ինքնաքննադատ ռեժիսորը հանկարծ գիտակցել է, որ որքան էլ նա մանրակրկիտ վերստեղծի իր աշխատանքները, երբեք չի հասնի անցյալի մեծ նկարիչների վեհությանը։ Ուստի նա որոշում է հակառակն անել՝ ստեղծել դիտավորյալ մինիմալիստական, մանկական ֆիլմ՝ մի ձկնիկի մասին, ով ընկերանում է մի տղայի հետ և ցանկանում է մարդ դառնալ։
«Պոնյո»-ի ամենամեծ արժեքը հենց պարզության մեջ է։ Այս ֆիլմը, կարծես, Միյաձակիի բոլոր ստեղծագործությունների մեջ առկա բոլոր լույսի տարրերի կվինտեսսենցիա է․ նրա զգացմունքայնությունը երեխաների հանդեպ, աշխարհներ ստեղծելու կարողությունը, որոնցից ընդհանրապես չես ուզում դուրս գալ, և, ի վերջո, նրա հանդուրժողականությունը մարդկության բացասական դրսևորումների հանդեպ։ Ֆիլմի պայմանական «չարագործը»՝ Պոնյոյի հայրը, ոչ մի դեպքում չար չէ, այլ պարզապես մի փոքր շփոթված ու նյարդային ծնող։
🎬 Kaze Tachinu / The Wind Rises / «Քամին ուժգնանում է» (2013)
✨ Միյաձակիի ամենահասուն ֆիլմը
Ջիրո Հորիկոշիի ցավալի պատմությունն է՝ ավիակոնստրուկտորի, ով միշտ երազել է լինել ավելի մոտ երկնքին, սակայն ծնվել է մի ժամանակաշրջանում, երբ իր տաղանդը կարող էր ծառայել միայն պատերազմի նպատակներին: Հավանաբար, սա Միյաձակիի ամենավիճելի և հակասական ֆիլմն է․ այն չունի կախարդանք, անսովոր արարածներ կամ հեքիաթային զգացողություն, որը շատերը սիրում են ռեժիսորի մոտ: Սա դաժան, սարսափելի կինո է, որտեղ հերոսներին չեն փրկում բարի կախարդները կամ փափուկ անտառային ոգիները։ Հիմնականում ֆիլմում կա միայն մահ և ավերածություններ:
Բայց ինչքան էլ զարմանալի է, ֆիլմում այնքան շատ է կյանքը և լույսը: Ջիրոն ունի իսկական սեր, թեև այն շուտով կմարի տուբերկուլյոզի պատճառով։ Նրա երազանքներն իրականանում են, թեև նրա նախագծած ինքնաթիռները կսպանեն մարդկանց։ Այս սյուժեով Միյաձակին կարող էր ստեղծել աշխարհի ամենատխուր ֆիլմը, սակայն նա շարունակում է փնտրել երջանկություն այն սարսափելի կույտի մեջ, որը մենք սովորել ենք անվանել քաղաքակրթություն։ Նա դրական տրամադրված պեսիմիստ է։ «Քամին ուժգնանում է» անիմացիոն ֆիլմն այդ հակասությունն արտահայտում է ավելի լավ, քան Միյաձակիի այլ գործերը։ Սա գեղեցիկ ֆիլմ է սարսափելի բաների, աներևակայելի կենդանի կինո՝ մահվան մասին։
🎬 Kimitachi wa Dou Ikiru ka / The Boy and the Heron / «Տղան և ձկնկուլը» (2023)
✨ Կարիերայի տխուր էպիլոգը
Եթե «Քամին ուժգնանում է» ֆիլմը ռեժիսորի բարձրաձայն հրաժեշտն էր, երբ նա բացեց իր հոգին հանդիսատեսի առաջ այնպես, որ ավելին ասելու բան չմնաց, ապա «Տղան և ձկնկուլը» ավելի շատ համեստ հետգրություն է՝ մի տպավորիչ կարիերայի ավարտին։ Սա, կարելի է ասել, մի փոքր երկիմաստ ֆիլմ է․ Միյաձակին կրկին ցույց է տալիս երեխային, որը փորձում է փրկել իր հարազատներին կախարդական աշխարհում՝ երկրորդ համաշխարհային պատերազմի և ինքնաթիռների ֆոնի վրա։ Ֆիլմը նման է նախկին գործերի ռեմիքսի, և եթե չլիներ դրա թաքնված ցավը, ռեժիսորին կարելի էր մեղադրել անկեղծության բացակայության և նոստալգիայի վրա խաղալու մեջ։
«Տղան և ձկնկուլը» ֆիլմի կրկնությունը մեղմվում է որոշակի տեսարանների և կերպարների ազդեցությամբ։ Այո, Մահիտոյի պատմությունը գուցե ռեժիսորի ամենագրավիչներից չէ, բայց արյունարբու հավալուսնները, որոնք ուտում են անմեղ չծնված հոգիներին, կամ հիվանդանոցը, որն այրվում է ներսում գտնվող մոր հետ, հիշեցնում են, թե ինչ մասշտաբի արվեստագետի հետ գործ ունենք։ Ֆիլմի որոշակի շփոթությունը կարելի է բացատրել հեղինակային մտադրությամբ։ Վերջում այն վերածվում է կինոյի մասին սյուրռեալիստական կինոյի՝ լուսավոր և տխուր մտածմունքով այն մասին, որ նույնիսկ ամենախելացի ստեղծագործողները չեն կարող իսկապես վերահսկել իրենց ստեղծած աշխարհը։ Միյաձակին կարծես ճանաչում է իր իսկ ժառանգության առջև անզորությունը, և դրա համար անհրաժեշտ է աներևակայելի քաջություն։
Այսպես, Հայաո Միյաձակին ստեղծել է մի մեծ աշխարհ, որում շատերը մեծացել են։ Կախարդանք, յուրահատուկ կերպարներ ու լուրջ մտածելու տեղիք տվող հարցեր. սա հոգեհարազատ է բոլորի համար։ Քանի անգամ էլ, որ դիտես այս անիմացիոն ֆիլմերն, ամեն անգամ մի նոր բան ես բացահայտում՝ նոր իմաստ ամեն կադրի մեջ։
Հայաո Միյաձակին, իրոք որ, մեր ժամանակների հանճարներից է։