Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

12+2 մյուզիքլ, որ անպայման պետք է դիտել

12+2 մյուզիքլ, որ անպայման պետք է դիտել

10-10-2024

12+2 մյուզիքլ, որ անպայման պետք է դիտել

Ռոմանտիկա, դրամա, մելոդրամա, սարսափ, արկածային… այո, ֆիլմերի ժանրերը շատ տարբեր են, բայց կա մի ժանր, որ իրոք, ոչ մի այլ ժանրի նման չէ։ Խոսքը մյուզիքլների մասին է։ Երգեր, որ միահյուսվում են պատմությունների ու բացահայտում հերոսներին՝ լրիվ այլ կողմերից։ Թեև սա հիանալի ժանր է, այնուամենայնիվ, վերջերս հաճախ ենք լսում, որ շատերը խուսափում են մյուզիքլ ֆիլմեր դիտելուց, ու մի քիչ էլ թերագնահատում են ժանրը։ Բայց իրականում, այս ժանրն առաջարկում է այնպիսի զգացմունքներ ու պատմություններ, որոնք այլ ձևաչափով հնարավոր չէ ներկայացնել։ Եթե մտածում ես, որ մյուզիքլները քեզ համար չեն, ապա հենց քեզ համար հավաքել ենք այնպիսի մյուզիքլների ցուցակ, որոնցից յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր սրտին մոտ երաժշտական ֆիլմը։

🔮The Wizard of Oz (1939) 🔮

Եվ միանգամից, հենց սկզբից սկսում ենք տարիքային թեստով 😅 Եթե քեզ համար Վախկոտ Առյուծը բնության կողմից ճնշված կենդանի չէ, Խրտվիլակը ձեր գյուղի դաշտում, տան հին իրերով փայտից էակ չէ, իսկ Երկաթե Մարդը միայն Թոնի Սթարքը չէ, ապա հավանաբար դիտել ես «The Wizard of Oz» շատ հին, բայց ահավոր ստացված ֆիլմ-մյուզիքլը։

Իսկ բոլոր նրանց համար ովքեր դեռ չեն դիտել, պատմում ենք 😂

Դորոթին՝ մի երիտասարդ աղջիկ, հանկարծակի տեղափոխվում է կախարդական Օզ աշխարհ, որտեղ հանդիպում է հերոսների հետ, ինչպիսիք են՝ Վախկոտ Առյուծը, Խրտվիլակը և Երկաթե Մարդը։ Նրանց հետ միասին Դորոթին ուղևորվում է դեղին ճանապարհով դեպի Օզ Մեծ Վարպետի մոտ՝ տուն վերադառնալու հույսով։

Այս, արդեն դասական դարձած ֆիլմն առաջարկում է ոչ միայն անմոռանալի երգեր, այլև խորը, հուզական պատմություն այն մասին, թե ինչպես գտնել քաջություն, բարություն և իմաստություն։ Շատ ջերմ, սիրուն ու ընտանեկան ֆիլմ, որ, հաստատ, գոնե մեկ անգամ արժե դիտել։

🎃 The Nightmare Before Christmas (1993) 🎃

Օգտվելով առիթից, որ հոկտեմբեր ամսին խոսում ենք մյուզիքլների մասին, չենք կարող չհիշել նաև «The Nightmare Before Christmas» անիմացիոն ֆիլմը, որն, ըստ էության Հելոուինի և Սուրբ Ծննդյան տոնի մասին է։

Ուրեմն, Ջեք Սքելինգթոնը՝ Հելոուինյան քաղաքի ղեկավարն ու քաղաքի «ահարկու վախը», հոգնում է նույնանման տոներից և հայտնաբերում Սուրբ Ծննդյան քաղաքը։ Ջեքը որոշում է տիրանալ Սուրբ Ծննդյան տոնին՝ չմտածելով, որ դա կարող է ավերիչ հետևանքներ ունենալ։ Այս մյուզիքլը համատեղում է Թիմ Բարթոնի մռայլ, բայց գեղեցիկ երևակայությունն ու Դենի Էլֆմանի կախարդական երաժշտությունը, որը մթնոլորտն ավելի դրամատիկ ու յուրահատուկ է դարձնում:
Իդեալական ֆիլմ է Հելոուինին, մեկ բաժակ կակաոյով և դդմի թխուկով դիտելու համար։

🥀 Corpse Bride (2005) 🥀

Թիմ Բարթոնի և անիմացված մյուզիքլների թեման դեռ չենք փակում։ Ռեժիսորի հաջորդ գլուխգործոցը «Corpse Bride»-ն է՝ մութ, առաջին հայացքից մի քիչ տխուր, բայց անչափ գեղեցիկ սիրո պատմություն։

Վիկտորը պատահականորեն նշանվում է մոռացված և մենակ մնացած հոգու՝ Էմիլիի հետ, ով մահացածների աշխարհից է։ Պատմության ընթացքում Վիկտորը փորձում է հասկանալ, թե ինչ է սերը և ինչպես ազատվել այդ իրավիճակից՝ ոչ ոքին չնեղացնելով։
Թիմ Բարթոնի գոթական մթնոլորտը և հուզիչ սիրո պատմությունը, զուգորդված մյուզիքլի անսովոր մթնոլորտի հետ, ստեղծում են ամենայուրահատուկ փորձառությունը, որ կարելի է ունենալ ֆիլմ դիտելուց։

💈 Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street (2007) 💈

Ինչպես հասկանում ես, այս բլոգի ֆավորիտ ռեժիսորը Թիմ Բարթոնն է 😅

Ռեժիսորի հաջորդ, շատ ստացված մյուզիքլը «Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street»-ն է։

Մյուզիքլի սյուժեն բավականին տխուր է՝ Լոնդոնում երիտասարդ սափրիչ Բենջամին Բարքերն ապրում էր իր գեղեցիկ կնոջ՝ Լյուսիի և դստեր հետ, սակայն չար դատավոր Տերպինը նրան ուղարկում է բանտ, որպեսզի տիրանա նրա կնոջը։ Տասնհինգ տարի անց Բենջամինը փախչում է և վերադառնում Լոնդոն՝ նոր անունով՝ Սուինի Թոդ։ Տանը չգտնելով իր կնոջն ու դստերը, նա տեղեկանում է, որ դատավորն է մեղավոր նրա դժբախտության մեջ։ Սուինի Թոդը որոշում է վրեժ լուծել և կրկին դառնում է սափրիչ՝ սպասելով ճակատագրական պահին։

Չնայաժ սյուժեի ծանրությանը, կերպարները, երաժշտությունը, գույներն ու հագուստները, Ջոնի Դեփի և Հելենա Բոնեմ Քարթերի սահմռկեցուցիչ ու ապշեցնող կատարումը ստեղծում են այս մռայլ, մի քիչ վախենալու, բայց հիանալի մյուզիքլը, որն առանձնահատուկ է իր արտասովոր ոճով:

🎶 Mamma Mia! (2008) 🎶

Վերջ, կարծես թե փակում ենք Թիմ Բարթոնի թեման։ Հաջորդ մյուզիքլը, որին չէինք կարող չանդրադառնալ, արդեն դասական համարվող «Mamma Mia!»-ն է։
Սոֆին՝ երիտասարդ աղջիկ, ով պատրաստվում է ամուսնանալ, որոշում է պարզել, թե ով է իր իրական հայրը: Նրա մայրը՝ Դոննան, երբեք չի պատմել նրան հոր մասին, բայց Սոֆին գաղտնի հրավիրում է երեք տղամարդկանց, որոնք կարող էին լինել նրա հայրերը, հույս ունենալով պարզել իր անցյալի գաղտնիքները։

Զվարճալի, լուսավոր ու էներգիայով լցված, «Mamma Mia!»-ն կատարյալ ընտրություն է ուրախ ու թեթև երեկոյի համար, հատկապես, որ ֆիլմը լի է ABBA-ի ամենահիթային երգերով։

💃 La La Land (2016) 🕺

«La La Land»-ը սիրային մյուզիքլների շարքում լավագույնների մեկն է։ Իզուր չէ, որ ֆիլմը հաղթել է «Օսկար» մրցանակաբաշխության 6 անվանակարգերում՝ լավագույն ռեժիսոր (Դեմիեն Շազել), լավագույն դերասանուհի (Էմմա Սթոուն), լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն երգ (City of Stars), լավագույն սաունդրեք, լավագույն արտադրական ձևավորում։

Միան՝ սկսնակ դերասանուհին, և Սեբաստիանը՝ ջազ երաժիշտը, գտնում են միմյանց Լոս Անջելեսում և սիրահարվում: Սակայն նրանց երազանքները և կարիերայի նպատակները ստիպում են ընտրություն կատարել՝ սիրո և իրենց երազանքների միջև։
Գեղեցիկ պարային համարները, գունագեղ կադրերն ու հուզիչ երաժշտությունը յուրահատուկ ոգեշնչող մյուզիքլ են դարձնում այս ֆիլմը:

🎭 The Greatest Showman (2017) 🎭

Հաջորդ, շատ ստացված, մյուզիքլը «The Greatest Showman»-ն է. իրական պատմություն շոու-բիզնեսի հիմնադրման մասին։

Ֆինեաս Թեյլոր Բարնումը միշտ երազում էր թողնել իր հետքը պատմության մեջ, սակայն իր բազմաթիվ փորձերը նրան հաջողված չէին թվում։ Երբ, կարծես թե, ամեն ինչ նրա դեմ էր, Բարնումը որոշում է հետևել իր մեծագույն երազանքին։ Նա ստեղծում է հիասքանչ շոու, որը դառնում է սենսացիա և հիմք դնում համաշխարհային շոու-բիզնեսի ծննդին։

Շքեղ պարային համարները, սրտառուչ երգերը և պատմության ոգեշնչող դասերն այս մյուզիքլը դարձնում են անմոռանալի:

🌶️ Coco (2017) 🌶️

🥹Հաջորդ մյուզիքլը կստիպի քեզ արտասվել, իսկ եթե դիմակայես ու արցունքները չհորդան, ուրեմն գուցե սիրտ չունես, չգիտենք 🤷‍♀️

Միգելը պատահաբար հայտնվում է Մեռյալների աշխարհում, որտեղ փորձում է պարզել իր ընտանիքի պատմությունը և կապվել իր երաժշտական արմատների հետ: Նրան աջակցում է Հեկտորը՝ երաժիշտ, ով օգնում է նրան գտնել իր ընտանիքի գաղտնիքները։ Իսկ վերջում, ամեն ինչ այնքան հուզիչ է դառնում, որ էլ խոսքերն ավելորդ են։

Այս մյուզիքլը ներկայացնում է շատ հուզիչ պատմություն ընտանիքի, ժառանգության և հիշողությունների կարևորության մասին:

✨ Wish (2023) ✨

Այս մյուզիքլը երազանքների ու դրանց կարևորության մասին է։

«Wish»-ը պատմում է Աշայի՝ մի երիտասարդ աղջկա մասին, ով իր երազանքի հզորության շնորհիվ միավորում է իր ցանկությունը և հրաշքների աշխարհը։ Նրա ճանապարհորդությունը նոր մակարդակի է բարձրացնում Disney-ի կախարդական պատմություններն ու հերոսներին։

Թարմ ու նորաձև մոտեցմամբ այս մյուզիքլը կատարյալ ընտրություն է նոր սերնդի համար, ինչպես նաև ջերմ էմոցիաներ է առաջացնում Disney-ի բոլոր երկրպագուների մոտ։

🍫 Willy Wonka & the Chocolate Factory (1971) / Charlie and the Chocolate Factory (2005) / Wonka (2023) 🍫

Այս դեպքում պետք է սկզբից սկսենք 😅 «Willy Wonka & the Chocolate Factory» բավականին հին, բայց հիանալի մյուզիքլ Վիլլի Վոնկայի ու փոքրիկ Չարլիի մասին, ով երազում էր հայտնվել շոկոլոդի զարմանահրաշ գործարանում։ Մյուզիքլը շատ էր սիրվել իր վառ կերպարների, անսպասելի իրավիճակների ու, դե իհարկե, երաժշտության շնորհիվ։

Երևի հենց սա էր պատճառը, որ 2005-ին ռեժիսոր Թիմ Բարթոնը (այո, չենք կարողանում նրան հանգիստ թողնել 🤣), որոշեց վերանկարահանել ֆիլմը՝ կոչելով այն «Charlie and the Chocolate Factory»։ Մյուզիքլն, ըստ էության նույն սցենարն ունի, բայց ավելի թարմ է, իսկ դե Ջոնի Դեփի անզուգական դերասանական խաղը ֆիլմն էլ ավելի գրավիչ է դարձնում։

Իսկ 2023-ին, ռեժիսոր Փոլ Քինգը որոշում է հեռանալ Չարլիի պատմությունից, և ներկայացնել հենց Վոնկային ու շոկոլադի գործարանի ստեղծումը։ «Wonka»-ն սցենարային մի փոքր հեռու է նախորդ երկու ֆիլմերից, բայց Թիմոթի Շալամեն հիանալի կերպով է մարմնավորել Վոնկայի կերպարը։

Երեք ֆիլմերում էլ տեսնում ենք ֆանտաստիկ աշխարհ, որտեղ իրականանում են տարօրինակ ու կախարդական հրաշքներ: Տպավորիչ տեսարաններ ու կերպարներ և անչափ սիրուն ու հիշվող երաժշտություն՝ այս երեք մյուզիքլներն անպայման պետք է դիտել։ Միայն Ումպա Լումպաների երգն ինչ արժի՝ Oompa Loompa doompety-doo, I've got a tragic tale for you 😅

🤡 Joker: Folie à Deux (2024) 🤡

Հասանք մեր օրեր՝ ողբերգական հեքիաթներին։ Հոկտեմբերի 4-ին միջազգային կինոարտադրության ոլորտը թնադաց, քանի որ մեծ էկրանին բարձրացավ «Ջոկեր։ Խելագարություն երկուսի համար» ֆիլմը։ Նախորդ «Ջոկերը» չափազանց հաջողված էր, այնպես որ այս ֆիլմից ևս սպասելիքները չափազանց մեծ են։

Ճիշտ է, բնօրինակ Joker-ը մյուզիքլ չէր, բայց այս շարունակությունը խոստանում է նոր մոտեցում՝ միացնելով երաժշտությունը հոգեբանական լուրջ պատմության հետ: Արթուր Ֆլեքի (Ջոկերի) և Հարլի Քուինի պատմությունը տեղափոխվում է նոր գեղարվեստական ոլորտ՝ ներառելով երաժշտական տարրեր։ Դերասան Հոակին Ֆենիքսի և երգչուհի Լեդի Գագայի ստեղծագործական միությունը լավագույնս է ներկայացնում ֆիլմի խելագար մթնոլորտը։

Այս ֆիլմն իրոք եզակի է, ժանրերի խառնուրդով ու նոր մոտեցումներով՝ բացահայտելով մյուզիքլի նոր սահմանները:

Ու, դե իհարկե, «Ջոկեր։ Խելագարություն երկուսի համար» ֆիլմը կարող ես դիտել ԿինոՊարկում՝ մեծ էկրանին ու լիովին զգալ ֆիլմում կատարվող խելագարությունը։

🦁 Mufasa: The Lion King (2024) 🦁

Այս տարվա դեկտեմբերի 20-ին մեծ էկրանին կբարձրանա ևս մեկ մյուզիքլ՝ «Mufasa: The Lion King»-ը։

Այս նոր ֆիլմը ներկայացնում է Մուֆասայի երիտասարդությունն ու նրա վերելքը դեպի հզոր թագավորություն։ Նոր հերոսներ, հուզիչ երգեր և ծանոթ կերպարներ՝ այս ֆիլմը շարունակում է «The Lion King»-ի ավանդույթները՝ պատմելով, թե ինչպես Մուֆասան դարձավ իր ժողովրդի առաջնորդը:

The Lion King-ի երկրպագուների համար այս ֆիլմը ջերմ ու նոստալգիկ զգացմունքներ ապրելու հնարավորություն է. մանկությունից այդքան հարազատ առյուծի պատմությունը տեսնելու ենք նոր մոտեցմամբ։

Ի դեպ, պրեմիերայից հետո, ֆիլմը նույնպես կարող ես դիտել ԿինոՊարկում։

Այսպիսով, եթե երբևէ մտածել ես, որ մյուզիքլ ֆիլմերը քեզ համար չեն, ապա հուսանք, որ կարողացանք ցույց տալ, որ մյուզիքլները շատ ավելին են, քան պարզապես երգեր ու պարեր, ինչպես նաև կարող են շատ հետաքրքիր ու իրոք արժեքավոր կինո լինել։ Պատմությունները կարող են լինել զվարճալի, լարված, մռայլ կամ էլ անհավանական հուզիչ: Ամեն ֆիլմ ներկայացնում է մի նոր աշխարհ, որտեղ երգերն ու երաժշտությունը խորացնում են զգացմունքները և պատմությունների ազդեցությունը։ Այնպես որ, մի խուսափիր մյուզիքլների ժանրից՝ թույլ տալով, որ երաժշտությունը և պատմությունը միահյուսվեն ու քեզ տեղափոխեն լրիվ այլ կինոյի մոգական աշխարհ։

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը