Այս տարվա 8 անիմացիոն ֆիլմ, որ չարժի բաց թողնել
05-11-2024
Անիմացիան ֆիլմարտադրության ամենագունեղ ու պատկերային ոլորտներից մեկն է։ Արդեն վաղուց անիմացիոն ֆիլմերը դադարել են պարզապես մուլտֆիլմեր լինել, դրանք լիարժեք կինո են՝ դերասաններով, պատմություններով, սյուժետային հետաքրքիր անցումներով ու վառ կերպարներով։
Այսօր անիմացիայի ոլորտն այնքան է զարգացել, որ երբեմն դժվար է տարբերել իրականությունը նկարածից։ Այս ֆիլմերը դադարել են միայն փոքրիկների համար լինել, այժմ դրանք դիպչում են նաև մեծերի սրտերին, արթնացնում էմոցիաներ ու ստեղծում վառ հիշողություններ։
Քեզ համար հավաքել ենք այս տարվա` մեր կարծիքով ամենահաջողված անիմացիոն ֆիլմերի ցուցակը, որոնցից մի քանիսի պրեմիերան դեռ չի եղել, բայց դրանք ևս չափազանց խոստումնալից են, այնպես որ բաց թողնել չի կարելի։
🐼 Քունգ - ֆու պանդա 4 🐼
Սկսում ենք փափլիկ Պոյի արկածներով։ Այս անգամ մեր սիրելի պանդան կբացահայտի իր անցյալի գաղտնիքները, կպայքարի չար Քամելեոնի դեմ ու կփորձի դառնալ Խաղաղության հովտի հոգևոր առաջնորդը։
Ֆիլմը լի է մարտարվեստի տեսարաններով և հումորով, որի շնորհիվ էլ «Քունգ - ֆու պանդա 4»-ն այդքան սիրվել է։
😺 Գարֆիլդ 😺
Լազանյայի արքան վերադառնում է։ Քրիս Փրեթի ձայնով, Գարֆիլդը կհայտնվի նոր արկածների մեջ, որոնք նրան կտանեն հեռու իր սիրելի բազմոցից։ Կարծում ես՝ կատուները չե՞ն սիրում արկածներ։ Գարֆիլդը կապացուցի, որ երբեմն նույնիսկ ամենափափուկ կատուն կարող է լինել ամենախիզախը, հատկապես եթե լազանյայի հարց է։
«Գարֆիլդ»-ում կենդանանում է դասական կոմիքսի կերպարը՝ ժամանակակից անիմացիոն տեխնիկայով և թարմ սյուժեով: Գարֆիլդը, Օդին և Ջոնն անցնում են զվարճալի արկածներով լի ուղիներով, որն իսկական նվեր է ինչպես երկարամյա երկրպագուների, այնպես էլ նոր սերնդի համար։
😂 Գլուխկոտրուկ 2 😡
Ռայլիի գլխում նորից փոթորիկ է։ Այս անգամ՝ դեռահասության հորմոններով լի։ Նոր զգացմունքներ, որոնք հաճախ ընդհանուր լեզու չեն գտնում. արդյունքը՝ անհավանական քաոս և շատ ծիծաղելի պահեր։ Դե ինչ Ռայլի, բարի գալուստ մեծերի կյանք 😅
Սա հիանալի ֆիլմ է դեռահասության տարիքի խնդիրների, մեծանալու և ինքդ քեզ ճանաչելու մասին, չէ՞որ այս ճանապարհով անցել ենք բոլորս։
🍌 Գարշելի ես 4 🍌
Գրուն կրկին աշխատանքի է։ Եվ եթե կարծում ես, որ մինյոնները չեն կարող ավելի խելահեղ լինել, ապա սխալվում ես։ Նոր չարագործը սպառնում է աշխարհին, բայց ավելի շատ՝ Գրուի համբերությանը։ Պատրաստվիր հսկայական ռոբոտների, անհավանական գյուտերի և լիքը մինյոնների։
🤖 Վայրի ռոբոտը 🤖
Ի՞նչ կլինի, եթե ռոբոտը հայտնվի վայրի բնության մեջ։ ROZZUM 7134-ը կամ Ռոզը կպատասխանի այդ հարցին։ Նա սովորում է ապրել անտառում, ընկերանալով կենդանիների հետ և գտնելով իր տեղն աշխարհում։ Պատմություն, որը քո սիրտը ջերմությամբ կլցնի և կստիպի մտածել՝ իսկ միգուցե մենք բոլորս մի փոքր ռոբոտ ենք, որոնելով մեր տեղն այս մեծ աշխարհում։ «Վայրի ռոբոտը», թերևս, այս տարվա ամենաբարի անիմացիոն ֆիլմերից մեկն է։
Հասանք նոր պրեմիերաներին։ Այս անիմացիոն ֆիլմերը դեռ մեծ էկրանին չեն հայտնվել, բայց ըստ բոլոր կանխատեսումների՝ գրավելու են իրենց դիրքերը լավագույնների կողքին։ Ի դեպ, դրանք բոլորը շուտով կարող ես դիտել ԿինոՊարկում։
🌊 Մոանա 2 🌊
Պրեմիերա- Նոյեմբերի 28
Մոանան ու Մաուին կրկին պատրաստ են նվաճել ծովերը։ Այս անգամ նրանք կհանդիպեն նոր ծովահրեշների, կգտնեն կորած կղզիներ և գուցե նույնիսկ նոր, հիթային երգ գրեն։ Ստանալով անսպասելի կանչ իր ծովագնաց նախնիներից, Մոանան՝ վտանգավոր և մոռացված ջրերի միջով, ուղևորվում է Օվկիանիայի հեռավոր ծովերը, արկածի, որը տարբերվում է այն ամենից, ինչին նա երբևէ դիմակայել է։
Պատրաստվիր երգել, պարել և հավատալ, որ քո ներսում նույնպես կա մի փոքրիկ Մաուի։
🧸 Փադինգթոնի արկածները 3 🧸
Պրեմիերա- Դեկտեմբերի 16
Փադինգթոնը, ով դարձել է Բրաուն ընտանիքի լիիրավ անդամ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի՝ վերադառնում է իր արմատներին՝ ուղևորվելով իր հեռավոր հայրենիք՝ Պերու, այցելելու մորաքույր Լյուսիին։ Նոր մշակույթներ, համեղ ուտեստներ և, իհարկե, մարմելադով սենդվիչներ։
Պատրաստվիր մի ճանապարհորդության, որը կստիպի հավատալ, որ բարությունը միշտ հաղթում է։
🦁 Առյուծ թագավորը. Մուֆասա 🦁
Պրեմիերա- Դեկտեմբերի 19
Մուֆասայի պատմությունը վերջապես մեծ էկրանին կհայտնվի։ Մենք արդեն գիտենք, թե ինչպես է առյուծիկ Սիմբան հասունանում ու դառնում առաջնորդ՝ Մուֆասայի մահից հետո, իսկ ինչպե՞ս է Մուֆասան դարձել այն հզոր առաջնորդը, որին բոլորս ճանաչում ենք։ Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել Սքարը՝ նրա դավաճան եղբայրը։ Մի խոսքով, այս ֆիլմը կօգնի բացահայտել սիրված կերպարների պատմություններն ու նրանց նորովի ճանաչել։
Եվ այսպես, տարին դեռ չի ավարտվել, այնպես որ հասցրու դիտել այս անիմացիոն ֆիլմերն ու ոգեշնչվել։