Էմիգրանտներ, գլադիատորներ և Դեմի Մուր. 2024-ի կինոամփոփում
18-12-2024
🎬 Հայերը Կաննում, հիթային ֆիլմերի սիքվելներ, ֆեմինիստական կինոյի նոր ձևաչափեր. ինչպիսինն էր կինեմատոգրաֆիկ 2024-ը՝ վերլուծում է կինոքննադատ և լրագրող Դիանա Մարտիրոսյանը։
Ֆեմ հերոսների բազմազանություն
Գաղտնիք չէ, որ ֆեմինիզմի ներկայիս՝ չորրորդ ալիքն իր հետ ասպարեզ (ու մեծ կինոշուկա) է բերել բազմաթիվ ֆեմ-թեմաներ։ Կաննի միջազգային կինոփառատոնի ու անցնող տարվա գլխավոր միջազգային կինոհիթերից են ֆրանսիացիներ Ժաք Օդիյարի «Էմիլիա Պերեզ»-ը, Քորալի Ֆարժայի «Սուբստանցիա»-ն ու ամերիկացի Շոն Բեյքերի «Անորա»-ն, որոնց ֆիլմերի կենտրոնական հերոսուհիներն են՝ երբեմնի պահանջված դերասանուհին, քվիր կինն ու մերկապարուհին։
«Սուբստանցիա»-ում գլխավոր հերոսուհի Էլիզաբեթ Սփարքլը (Դեմի Մուր) նախկին կինոաստղ է, ում հեռուստաշոուի պրոդյուսերները հրաժարվում են այլևս աշխատել իր հետ՝ փոխարինելով վերջինիս շատ ավելի երիտասարդ հաղորդավարուհու հետ, քանի որ կոնվենցիոնալ գրավիչ, սեքսուալ կերպարները հեշտ են վաճառվում, բայց տղամարդիկ (կամ առնվազն նրանց մեծամասնությունը) այն ուղղակիորեն կապում են կնոջ տարիքի հետ։
Հեգնական է, որ Սփարքլին մարմնավորող Մուրն ինքնին հոլիվուդյան երբեմնի սեքս-խորհրդանիշ է, ով ասոցացվում է Հոլիվուդի կոնվենցիոնալ և ցանկալի դերասանուհու կերպարի հետ։
Էմիլիա Պերեզը (և նրան մարմնավորող Կառլա Սոֆիա Գասկոնը) տրանսգենդեր կին է, ով նախկինում մեքսիկացի նարկոբարոն էր, իսկ Անորան, նույն ինքը՝ Էննին (Մայքի Մեդիսոն) էքսկորտ ծառայություններ մատուցող մերկապարուհի։ Եթե Օդիյարի ֆիլմը ճակատային ու ակնհայտ հեգնանք է հայրիշխանական, առնական ու բրուտալ իրականության ու մշակույթի վրա, այս պարագայում՝ լատինական (ահեղ ու խիստ վտանգավոր, քրեական նարկոբարոնը փոխում է սեռը, սրանի՞ց էլ զավեշտալի պատմություն), ապա Բեյքերի դրամեդին կոտրում է հոլիվուդյան ավանդական ռոմկոմերի հեփի-էնդյան ձևաչափն ու ելույթ գալիս իբրև նմանատիպ հայտնի ֆիլմերի (օրինակ՝ «Pretty Woman»-ի) կողմից ստեղծված կարծրատիպերին հակադարձող «հակաՄոխրոտիկ»։
Ինքնուրույն կանացի կենտրոնական կերպարները հանդես են գալիս նաև էքշն, ֆենթեզի, գիտաֆանտաստիկ ու մեյնսթրիմային կինոյում՝ Ջորջ Միլերի «Ֆուրիոսա»-ում, Ջոն Չուի «Չարը. Արևմուտքի վհուկի հեքիաթ»-ում, «Դյունա. մաս 2»-ում (ինչպես և առաջինում) չկա ինքնուրույն, էմանսիպացված ու հետաքրքիր կին հերոսուհիների պակաս, «Չար»-ն առհասարակ՝ միջազգային մամուլն անվանում է քվիր-հեքիաթ, որը քարոզում է ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։
Իհարկե, այս ամենը հոլիվուդյան և եվրոպական ներառական քաղաքականության հետևանք է՝ ինչի արդյունքում ավանդական տղամարդ-հերոսների շարքերը համալրվում են կանացի պերսոնաժներով, հետևաբար՝ ֆեմ խնդիրներով ու դիտանկյուններով, բարձրացվող խնդիրների ոսպնյակը դառնում է ավելի բազմազան։
Մեր տարածաշրջանը համաշխարհային կինոկոնտեքստում
Առնվազն 2 վրացական և 1 իրանական ֆիլմ ունեցան մեծ կինոփառատոնային պրեմիերաներ ու ջերմ ընդունելություն միջազգային լսարանի ու ժյուրիի կողմից. Շվեդիայում բնակվող վրացի Լևան Ակինի «Հատում»-ը Բեռլինի միջազգային կինոփառատոնում (ֆիլմը պատմում է բաթումցի ուսուցչուհու մասին, ով ուղևորվում է Թուրքիա՝ գտնելու Ստամբուլ տեղափոխված քրոջ տրանսգենդեր աղջկան), իրանցի Մոհամադ Ռասուլոֆի՝ իրանյան ցույցերի և Մահսա Ամինիի աղմկահարույց սպանության մասին պատմող «Սուրբ թզենու սերմը» Կաննում արժանացավ Ժյուրիի մրցանակի, իսկ վրացուհի Դեա Կուլումբեգաշվիլիի «Ապրիլը» (վրացական գավառական իրականության մեջ Հղիության արհեստական ընդհատման ապօրինի դեպքերի ու գինեկոլոգ-բժշկի ընկճախտի մասին) նատուրալիստական դրաման ցուցադրվեց Վենետիկում՝ «Ջոքեր. խելագարություն երկուսի համար»-ի, Պեդրո Ալմոդովարի «Կողքի սենյակ»-ի, Պաբլո Լոռեյնի ու Անջելինա Ջոլիի «Մարիա»-ի հետ նույն՝ Հիմնական մրցույթում, որտեղ արժանացավ Ժյուրիի հատուկ մրցանակի։
Ի տարբերություն անցած տարվա (երբ վավերագրող Շողակաթ Վարդանյանի «1489»-ը ցուցադրվեց Ամստերդամի idfa հեղինակավոր դոկֆեստում)՝ այս տարի որևէ մեծ հայկական ֆիլմ միջազգային և համաշխարհային մրցանակ-հաջողություն չի գրանցել, կարելի է միայն հիշատակել Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» Սերգեյ Փարաջանովի մասին պատմող վավերագրականը, որը ցուցադրվեց Վենետիկում Venice Classics կինոյի մասին վավերագրական ֆիլմերի բաժնում։
Թեև 2024-ը մասամբ հին ու բարի, սիրված ու բրենդ դարձած կինոնմուշների պրիքվել-սիքվելների տարի էր (էկրաններ բարձրացան Թիմ Բըրթոնի «Բիթլջուս Բիթլջուս»-ը, Ռիդլի Սքոթի «Գլադիատոր 2»-ը, Ջորջ Միլերի «Ֆուրիոսա։ «Խենթ Մաքսը» սագա»-ն, «Դեդփուլն ու Կուղխը», իսկ անիմացիոն հիթերից հերթական «Մինիոններ»-ը, «Մուֆասա»-ն, «Գլուխկոտրուկ 2»-ը և այլն), բայց դրա հետ մեկտեղ զգացվում է, թե ինչպես են մասսայականի ու հեղինակայինի արանքում ստեղծագործող ռեժիսորները հեգնում իրենց իսկ ոլորտի կարծրատիպերը, վերաիմաստավորում հին բարքերն ու մտածելու տեղիք տալիս թե՛ սպառողին, և թե՛ արտադրողին։
Համաշխարհային կինեմատոգրաֆը ենթարկվում է արտաքին ազդեցության փոփոխություններին. իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆը հանդես է գալիս իրանական ֆիլմով Օսկարի Լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում՝ ներկայացնելով Գերմանիան, ռուս դերասան Յուրա Բորիսովն ամերիկյան «Անորա»-ում լռակյաց, խոհեմ ու կարեկցող Իգորի դերի համար առաջադրվում է Ոսկե գլոբուսի, մինչ ֆրանսիացի Ժաք Օդիյարը նկարում է իսպանալեզու մյուզիքլ, իսկ իտալացի Լուկա Գուադանյինոն դառնում է վրացական գավառի սոցիալական խնդիրների մասին պատմող ֆիլմի համապրոդյուսերը։ Անչափ հետաքրքիր է, թե ինչերի կհանգեցնի նման ակտիվ, միջմշակութային սիմբիոզ-գործընթացն ու ինչպիսին կլինի հայ կինոգործիչների դերն այդ ամենի մեջ եկող տարիներին։