Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

Ի՞նչ է սպասվում «Կաղամարի խաղը 3»-ում. տեսություններ, հուշումներ ու ենթադրություններ

Ի՞նչ է սպասվում «Կաղամարի խաղը 3»-ում. տեսություններ, հուշումներ ու ենթադրություններ

18-02-2025

Ի՞նչ է սպասվում «Կաղամարի խաղը 3»-ում. տեսություններ, հուշումներ ու ենթադրություններ

Մանկական խաղեր, վառ գույներ, հետաքրքիր դեկորացիաներ, արյուն, դաժանություն, մահ…հա-հա, ամեն ինչ ճիշտ է. խոսքը «Կաղամարի խաղի» կամ «Squid Game»-ի մասին է։ Այստեղ վառ գույները կտրուկ հակադրվում են խավար ու բռնությամբ լի տեսարաններին, էլ ավելի ընդգծելով լարվածությունն ու դաժանությունը։ Խաղացողների կանաչ մարզահագուստը, պահակների վարդագույն համազգեստը և վառ, մանկական երանգներով դեկորները ստեղծում են անմեղության պատրանք, որը հակադրվում է տեղի ունեցող դաժան տեսարաններին։ Այս գունային հակադրությունը, երբեմն զուգորդված ուրախ կամ դասական երաժշտությամբ, ավելի է խորացնում անհամատեղելիության զգացումն՝ ընդգծելով տարածվող հուսահատությունը…

Եվ փաստորեն, մարդկանց չափազանց մեծ մասին գրավում ու հետաքրքիր է թվում նման հակադրությունը։ Սա չենք կարող այլ կերպ բացատրել, քան որ «Կաղամարի խաղի» շարունակությունը դարձել է Netflix-ի ամենահայտնի նախագծերից մեկը՝ տպավորիչ 152,5 միլիոն դիտումով։ Եվ իրոք, սերիալն իսկապես չափազանց հետաքրքիր է, ամեն րոպե լարվածության մեջ է պահում, իսկ գործողություններն այնքան արագ ու անսպասելի են զարգանում, որ մնում է միայն ուշադիր նայել՝ ոչինչ բաց չթողնելու համար։
Եվ քանի որ երկրորդ սեզոնը, ինչպես և կարելի էր գլխի ընկնել, ավարտվեց ամենահետաքրքիր պահին, իսկ երրորդն արդեն ճանապարհին է՝ ըստ խոստումների պրեմիերան այս տարվա հուլիսին կլինի, մեզ մնում է միայն ենթադրել, թե ինչ նորություններ կարող են լինել նոր սեզոնում։

Քեզ համար հավաքել ենք երրորդ սեզոնի հետ կապված բոլոր տեսությունները, ենթադրություններն ու բամբասանքները, որ մինչև հուլիս մտածես դրանց մասին, իսկ հետո համեմատես իրականության հետ։ Ուրեմն՝

❗Ուշադրություն։ ԱՌԿԱ ԵՆ ՍՓՈՅԼԵՐՆԵՐ ❗

⭕ Ինչպես ավարտվեց երկրորդ սեզոնը

Սոն Գի-հունը, ոստիկան Հվան Չժուն-հոյի (Վի Հա-ջուն) օգնությամբ, վերադարձավ մահաբեր խաղեր՝ համակարգը ներսից կործանելու համար։ Կազմակերպիչները նոր կանոն մտցրին. յուրաքանչյուր փուլի ավարտին մասնակիցները կարող են քվեարկել խաղը դադարեցնելու օգտին, և եթե որոշումը հաստատվի, հաղթանակի գումարը կբաժանվի բոլոր կենդանի մնացած խաղացողների միջև։ Բայց այդ մեխանիզմը միայն ավելի ընդգծեց մասնակիցների ագահությունն ու հուսահատությունը։ Հնարավոր շահութաբաժինը չափազանց փոքր էր թվում նրանց ահռելի պարտքերը մարելու համար։

Գի-հունը փորձում էր մարդկանց առողջ բանականությանը կոչ անել, բայց դա ապարդյուն էր։ Այդ ժամանակ նա որոշեց այլ տարբերակով վերահսկել իրավիճակը՝ կազմակերպելով ապստամբություն։ Նա գտավ համախոհներ, որոնք պատրաստ էին ամեն ինչի՝ կազմակերպիչներին տապալելու համար։ Նրանց շարքերում էր նաև Գի-հունի հին ընկեր Պակ Չոն-բեն։ Գիշերով խաղացողները հարձակվեցին պահակների վրա և խլեցին նրանց զենքերը։ Սակայն ծրագիրը տապալվեց, քանի որ խաղացող համար 001-ն իրականում խաղի Համակարգողն էր, որը ներթափանցել էր խաղ որպես մասնակից (այդ մասին մենք իմանում ենք երկրորդ սեզոնի երրորդ սերիայում)։

Յոթերորդ էպիզոդի վերջում դիմակով Համակարգողը ճնշում է ապստամբությունը և Գի-հունի աչքերի առաջ սպանում Չոն-բեին։
Չնայած հանդիսատեսի և քննադատների հակասական արձագանքներին՝ երկրորդ սեզոնը, ճիշտ այնպես, ինչպես առաջինը, հսկայական համացանցային ալիք բարձրացրեց։ TikTok-ը և Twitter-ը ողողվեցին ռեփեր Թանոսի, հավաքագրողի և այլ հերոսների մասին էդիթներով։ Բացի զվարճալի տեսահոլովակներից, իհարկե, կան նաև լուրջ վերլուծություններ և երրորդ սեզոնի սյուժեի մասին տեսական ենթադրություններ։

⭕ Հիմնական հերոսը կարող է դառնալ խաղի Համակարգող

Մենք գիտենք, որ Լի Բյոն-հոնի հերոսը հաղթել է խաղերում 2015 թվականին և ինչ-որ պատճառով ստանձնել Համակարգողի դերը։ Սկզբից թվում է, թե երկրորդ սեզոնում նրա ներգրավվածությունը խաղերում ուղղակի նպատակ ուներ ներսից ճնշելու ապստամբությունը, սակայն բացառված չէ, որ նա այդ կերպ ցանկանում էր նախապատրաստել Գի-հունին որպես նոր Ֆրոնտմեն։

Յոթերորդ էպիզոդում գլխավոր հերոսը ասում է խաղացող համար 001-ին, որ մասնակիցներին փրկելու դեպքում անխուսափելիորեն մի քանիսը կմահանան։ Այս պահից նա կարծես սկսում է որոշակի փոխզիջման գնալ սեփական բարոյական սկզբունքների հետ՝ համարելով, որ մեծամասնության շահը գերակա է առանձնացված մարդկային կյանքերի հանդեպ։ Հնարավոր է, Գի-հունը մտածի, որ նոր Ֆրոնտմեն դառնալով կարող է համակարգը ներսից փոխել և սահմանել այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան առավելագույն թվով մարդկանց ողջ մնալ։ Կամ էլ նա գալու է եզրակացության, որ մարդկությունը չափազանց ագահ ու անհույս է, և նման փորձությունները միակ բանն են, որին մարդիկ արժանի են։

⭕ Համակարգողը խաղերի կազմակերպչի որդին է

Առաջին սեզոնից գիտենք, որ Գի-հունը չի կարողանում կաթ խմել։ Խաղացող համար 001-ը՝ նա էլ հենց խաղերի ստեղծող Իլ-նամը, նկատում է դա և ասում, որ իր որդին նույնպես չի կարողանում կաթը մարսել։ Երկրորդ սեզոնում Ֆրոնտմենն իր կաթը տալիս է հղի հերոսուհուն, ասելով, որ չի կարողանում մարսել այն։

Այս դրվագը դարձել է այն տեսության հիմքը, իբր Ֆրոնտմենը կարող է լինել Իլ-նամի որդին։ Թեև նա ոստիկանի եղբայրն է, բայց նրա իսկական ծնողներին մենք չենք ճանաչում։ Այնպես որ, տրամաբանական է ենթադրել, որ Իլ-նամը կարող էր իր ժառանգությունը թողնել ամենամոտ մարդուն։ Սակայն այստեղ կա հակասություն. Ֆրոնտմենը ժամանակին մասնակցել է խաղերին, որպեսզի վճարի կնոջ բուժման ծախսերը։ Եթե նրա հայրն իսկապես հարուստ էր և խաղերի կազմակերպիչն էր, հերոսը, ամենայն հավանականությամբ, չէր հայտնվի ֆինանսական նման ծանր վիճակում։ Հըըմ, մնում է միայն սպասել երրորդ սեզոնին ու հուսալ, որ այս հարցի պատասխանը կստանանք։

⭕ Խաղացողներ 125-ն ու 100-ը VIP անձինք են

Կա տեսություն, որ համար 100 խաղացողը կարող է լինել այն VIP-ը, որը առաջին սեզոնում հետևում էր խաղերին։ Նա դրսևորում է հարուստ և ազդեցիկ մարդկանց բնորոշ պահվածք՝ մեծամիտ, ինքնավստահ և տարված խոշոր շահույթներով։ Բացի այդ, հայտնի է, որ տղամարդու պարտքը կազմել է 10 միլիարդ վոն (մոտ 7 միլիոն դոլար), ինչն, իր հերթին, ենթադրել է տալիս, որ նա նախկինում եղել է էլիտայի մաս։

Կա նաև կարծիք, որ թիվ 125 խաղացողն իրականում եղել է եղնիկի դիմակով VIP №3-ն առաջին սեզոնում։ Դրա հիմնական «ապացույցը», ճիշտ է, այդքան էլ համոզիչ չէ։ Երրորդ VIP-ի դերը խաղացել է Դևիդ Լի անունով մի դերասան, սակայն IMDb-ում նրանք տարբեր էջեր ունեն։ Ամենայն հավանականությամբ, սա պարզապես զուգադիպություն է, և խոսքը երկու տարբեր մարդկանց մասին է, որոնք նման անուններ ունեն։ Բայց երկրպագուները կարծում են, որ 125-րդ խաղացողը միևնույնն է ինչ-որ մեծ գաղտնիք ունի։ Երկրորդ սեզոնի ընթացքում նա չափազանց համեստ կերպով է իրեն դրսևորում, բայց կարողանում է ավելի երկար գոյատևել, քան այլ մասնակիցները։

⭕ Պահակներից մեկը փրկելու է խաղացողներից մեկին

Երկրորդ սեզոնում մենք ծանոթանում ենք Հյուսիսային Կորեայից փախած Նո-ըլին, ով խաղերում կարմիր հագուստով պահակներից մեկն է։ Նրա գլխավոր նպատակը կորած դստերը գտնելն է։ Մինչ խաղերի սկսվելը տեսնում ենք, որ նա անիմատոր է աշխատում և կապ է ստեղծում փոքրիկ աղջնակի հետ, որն արյան հիվանդություն ունի։ Հետագայում Նո-ըլը պարզում է, որ համար 246 խաղացողն այդ աղջնակի հայրն է, ով մասնակցում է խաղերին, որպեսզի վճարի երեխայի բուժման համար։ Նա միանում է Գի-հունի ապստամբությանը, սակայն կարևոր պահին՝ պահակը կանգնեցնում է նրան և կրակում։

Երկրպագուները ենթադրում են, որ հերոսը կարող էր փրկվել։ Մենք չենք տեսնում մարմինը, իսկ վիրավորման վայրը մնում է անհայտ։ Կարծիք կա, որ կրակող պահակը հենց Նո-ըլն էր։ Հաշվի առնելով, որ նա փորձառու դիպուկահար է, գուցե կրակել է այնպես, որ չսպանի հերոսին։ Այսպիսով նա կփրկեր արժանի մարդու և միաժամանակ կվերականգներ վերադասների վստահությունը՝ հաշվի առնելով, որ ստիպված սպանել էր մյուս վիրավորներին, որպեսզի նրանց օրգանները չկարողանային հետագայում վաճառել։ Հնարավոր է՝ երրորդ սեզոնում աղջիկը փորձի փախչել կղզուց 246 խաղացողի հետ միասին։ Թեև, գուցե իրեն չհաջողվի կրկին միավորվել սեփական դստեր հետ, գոնե նա ամեն ինչ կանի, որ մեկ ուրիշ երեխա չկորցնի հորը։

⭕ Երկրորդ սեզոնում կային ակնարկներ նոր խաղերի մասին

Առաջին սեզոնից արդեն գիտեինք, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մանրամասներին. խաղերը պատկերված էին այն սենյակի պատերին, որտեղ քնում էին մասնակիցները։ Երկրորդ սեզոնում ևս հեղինակները հուշումներ են թողել, որոնք կարծես ուղղորդում են, թե ինչ խաղեր են սպասվում։

Յոթերորդ էպիզոդում տեսնում ենք նկար, որտեղ փոքրիկ մարդիկ կախված են օդում՝ բռնած եռանկյունների եզրերից։ Հնարավոր է, որ խաղացողները ստիպված լինեն անցնել տարածությունը՝ ձեռքերով շարժվելով ողնաշարաձողերի վրա։ Մյուս հուշումը շախմատի տախտակն է, որը կարող է մատնանշել խաղաքարերի նմանվող խաղ՝ գուցե կորեական շախմատ։
Վերջնական տեսարանում, որը հայտնվում է տիտրերից հետո, երևում է տղա տիկնիկ, ով կանգնած է դեմ հանդիման առաջին խաղից հայտնի աղջիկ տիկնիկին։ Հավանական չէ, որ կազմակերպիչները կրկնեն «Կանգ առ-Շարժվիր» (կամ «Կարմիր լույս, կանաչ լույս») խաղը նույն ձևով, բայց գուցե որոշ ձևափոխումներ կամ դժվարացումներ մտցվեն։

Կամ, եթե հետ վերադառնանք այն տեսությանը, որ Ֆրոնտմենը պատրաստում է Գի-հունին որպես իր հաջորդ, տրամաբանական է ենթադրել, որ նա կկազմակերպի նրա համար անհատական բարոյական փորձություն։ Հավանական է, որ նա հատուկ կենդանի է թողել Գի-հունին, որպեսզի հենց նա որոշի, թե երբ կանգ առնի առաջին խաղի երաժշտությունը։ Այսպիսով, նա կստիպի հերոսին որոշել, թե ովքեր են ըստ իրեն արժանի ապրելու, իսկ ովքեր՝ մահվան։


Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը