Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

Անորայից մինչև Սարոյան. Հայերը Օսկարում

Անորայից մինչև Սարոյան. Հայերը Օսկարում

12-03-2025

Անորայից մինչև Սարոյան. Հայերը Օսկարում

Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հետևում են «Օսկար» կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ազգային մրցանակաբաշխության կենդանի հեռարձակումանը, ոգևորվում ամենալավ ֆիլմերով ու դերասաններով, քննարկում կարմիր գորգի լուքերը, իսկ վերջում էլ վիճում՝ արդյո՞ք լավագույնը ստացավ մրցանակը, թե՞ ոչ։ Բայց երբ խոսքը գնում է հայկական արմատների մասին, շատերդ երևի հարց կտաք՝ «Բայց մերոնք էլ կա՞ն այնտեղ»։ Այո, մերոնք ամեն տեղում էլ կան, նույնիսկ «Օսկար»-ում։

97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը դրա լավագույն ապացույցն է։ Վերջին շրջանի ամենաքննարկվող ֆիլմերից մեկը «Անորա»-ն, մեծ աղմուկ բարձրացրեց այս տարվա «Օսկար»-ում։ Ֆիլմը վառ գույներով ու համարձակ սցենարով ներկայացնում է ոչ միայն համակարգված ընտանեկան կոնֆլիկտը, այլև սոցիալական ու հոգեբանական տարբերությունները ռուս օլիգարխների և ամերիկյան իրականության միջ ապրող մերկապարուհու միջև։ Բացի այդ, ֆիլմը եռալեզու էր, ինչը բավականին անսովոր երևույթ է Հոլիվուդի համար։ Բացի անգլերենից, ֆիլմում հնչում էր նաև ռուսերեն և հայերեն խոսք, ինչն էլ ֆիլմն ավելի հետաքրքիր ու գրավիչ էր դարձնում ոչ միայն արտասահմանյան հանդիսատեսի համար, այլև հայերի։ Հենց իր բազմաշերտության շնորհիվ էլ «Անորա»-ն գրավեց կինոքննադատների ուշադրությունը և արժանացավ միանգամից 5 մրցանակի՝

🏆 Լավագույն ֆիլմ – Շոն Բեյքեր, Սամանթա Քուան, Ալեքս Կոկո
🏆 Լավագույն ռեժիսոր – Շոն Բեյքեր
🏆 Լավագույն դերասանուհի – Մայքի Մեդիսոն
🏆 Լավագույն օրիգինալ սցենար – Շոն Բեյքեր
🏆 Լավագույն մոնտաժ – Շոն Բեյքեր

Թեև հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը «Օսկար»-ի որևէ նոմինացիա չունեին, բայց բոլորիս համար էլ հաճելի էր հետևել մերոնց՝ կինոաշխարհի ամենամեծ միջոցառումներից մեկի ժամանակ։

Իսկ մերոնցից էլ ովքե՞ր են հայտնվել «Օսկար» մրցանակաբաշխությանը…

✨🎬 Ատոմ Էգոյան. Հայ ինքնությունը Կանադայում

Ատոմ Էգոյանը ժամանակակից կինոյի այն ռեժիսորներից է, ով ունի ինչպես հեղինակային, այնպես էլ լայն լսարան գրավելու հրաշալի ունակություն։ Նա, լինելով հայկական ծագումով կանադացի, Հոլիվուդում կատարել է իսկական հեղաշրջում իր առանձնահատուկ ոճով։

1997 թ.— «Լուսավոր գալիք» ֆիլմի համար միանգամից երկու անվանակարգում առաջադրվեց՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ադապտացված սցենար»։
Չնայած «Օսկար»-ը չհասավ նրան, բայց այն, որ ինքնուրույն նկարահանած ֆիլմով կարողանում ես աչքի ընկնել ու երկու մեծ անվանակարգ ստանալ, արդեն բավականին խոսուն փաստ է։ Ի դեպ, Էգոյանը նկարահանեց նաև «Արարատ» (2002) ֆիլմը, որտեղ հպանցիկ (իսկ մեզ համար շատ կարևոր) անդրադարձ կա հայկական պատմությանը։ Կրկին անգնահատելի ներդրում մեր մշակութային ժառանգությունը աշխարհին ներկայացնելու գործում։

🎤🎬 Երբ պոպ-դիվան դառնում է «Օսկարի» դափնեկիր. Շեր

Շերը (Շերիլին Սարգսյան) համաշխարհային ճանաչում ունեցող փոփ-լեգենդ է, սակայն պարզվում է, որ նա նաև անկրկնելի դերասանուհի է։

1983 թ.-ին նրա «Սիլքվուդ» ֆիլմի երկրորդ պլանի դերակատարումը ամենևին էլ չվրիպեց Ակադեմիայի աչքից։ Հաղթանակ չեղավ, բայց առաջադրումը միշտ էլ պատիվ է։

1987 թ.-ին նույն Ակադեմիան Շերին պարգևեց «Օսկար» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, «Լուսնի իշխանություն»-ում նրա անմոռանալի Լորետտայի կերպարի համար։

Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի, նորաձևության իկոնա, ու նաև «Օսկար»-ակիր դերասանուհի։ Ո՞վ ասաց, որ անհնարին բաներ կան։

📚🎬 Գրականությունից մինչև «Օսկար». Վիլյամ Սարոյան

Այ սա շատ անսպասելի է։ Վիլյամ Սարոյանին մեծ մասամբ գիտենք որպես գրող, որի պատմվածքներում յուրովի հնչում է հայկական հոգեբանությունն ու մարդասիրությունը։ Բայց գիտեի՞ք, որ նա «Օսկար» ունի։ Հաղթանակը «Մարդկային կատակերգություն» (1943) ֆիլմի համար էր։ 1944 թվականին ֆիլմն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի լավագույն սցենարի համար, սակայն այստեղ կա մի շատ կարևոր «բայց»:

Կինոնկարի ադապտացված սցենարը, որի հիման վրա նկարահանվել է «Մարդկային կատակերգությունը», իրականում հեղինակել է Հովարդ Էսթաբրուքը։ Այսպիսով, այն տարբերակը, որը դիտվել և հավանության է արժանացել Ամերիկյան կինոակադեմիայի կողմից, մեծ հաշվով հենց Էսթաբրուքի աշխատանքն էր։ Սակայն տվյալ ժամանակաշրջանի կանոններով մրցանակը տրվում էր բնօրինակ ստեղծագործության հեղինակին, և արդյունքում «Օսկար»-ը բաժին հասավ Վիլյամ Սարոյանին։ Ցավոք, չկա որևէ փաստագրություն կամ լուսանկար, որտեղ Սարոյանը նկարված լինի արձանիկով։

Հիմա կմտածես, իսկ որտե՞ղ է հիմա Սարոյանի «Օսկար»-ը: 1991 թվականին, ըստ Ֆրեզնոյի ոստիկանության, Վելասկես կրտսեր անունով մի երիտասարդ այն գողացել է Ֆրեզնոյում գտնվող գրողի թանգարանից և 250 դոլարի դիմաց գրավ է դրել Մաքս Կապլանի Mission Jewelry & Loan Co. գրավատանը։ Ինքը՝ Կապլանը, երբեք չէր մտածի, որ մի օր ձեռք կբերի «Օսկար» արձանիկ։

Ամերիկյան կինոակադեմիայի ապրանքանիշերի իրավաբան Նեիլ Սմիթը հետագայում այցելում է Կապլանի գրավատուն, որպեսզի անձամբ տեսնի արձանիկը։

«Արձանիկը շատ մաշված տեսք ուներ: Հնարավոր է ուժեղ անձրևի տակ մնացած լինի: Ես ենթադրում էի, որ նման տեսք կունենա: Կարծում եմ, Կապլանը բարեխիղճ գրավատու է», - ասել է Սմիթը:

Հայազգի արվեստագետների այս հաջողությունները ոչ միայն հպարտության առիթ են, այլև ոգեշնչող օրինակ՝ բոլոր նրանց համար, ովքեր երազում են մեծ կինոյի մասին։

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը