Severance․ Սերիալ, որ կփոխի քո «ես»-ը
21-03-2025
💼 Շատերիս օրն ավարտվում ու սկսվում է նույն մտքով՝ «Վաղն էլի աշխատանքի եմ»… Սկսում ես ատել երկուշաբթին և սիրել ուրբաթ երեկոները, քանի որ հաջորդ օրը կարող ես ոչ մի տեղ չշտապել։ Իսկ պատկերացրու մի աշխարհ, որտեղ քո գիտակցությունը բաժանվում է երկու մասի. մեկը՝ աշխատողի համար, որը ոչինչ չի հիշում իր անձնական կյանքից, իսկ մյուսը՝ սովորական քաղաքացու, որը չգիտի, թե ինչ է կատարվում աշխատանքի վայրում: Սա է Severance («Բաժանում») սերիալի հիմնական գաղափարը, որը վերածում է կորպորատիվ մշակույթը հոգեբանական մղձավանջի:
⚗️👩🔬Lumon Industries ընկերությունում աշխատակիցները ենթարկվում են «Բաժանման» պրոցեդուրային, որը նրանց ուղեղում տեղադրում է չիպ՝ բաժանելով հիշողությունները։ Աշխատավայրում (ինթրա) նրանք մոռանում են ամեն ինչ արտաքին աշխարհի մասին, իսկ աշխատանքից դուրս (էքստրա) նրանք չեն հիշում իրենց կատարած աշխատանքը։
Սա թվում է իդեալական լուծում՝ առանց սթրեսի, մեղավորության կամ աշխատանքային ծանրաբեռնվածության: Բայց երբ գլխավոր հերոսը՝ Մարկը (Ադամ Սքոթ), սկսում է կասկածել ընկերության իրական նպատակներին, պատրանքը քանդվում է: Ի՞նչ է իրականում անում Lumon-ը։ Ինչո՞ւ են աշխատակիցներին ենթարկում տարօրինակ հավատարմության ծեսերի։ Իսկ ի՞նչ են թաքցնում փակված սենյակներում։
Severance սերիալը սարսափելի կերպով արտացոլում է ժամանակակից աշխատանքային մշակույթի մութ կողմերը։ Աշխատակիցները վերածվում են մեխանիզմների, որոնց գիտակցությունը վերահսկվում է վերևից։ Ինթրաներն ապրում են մթության մեջ, իսկ էքստրաներն իրենց ազատությունը վաճառել են հարմարավետության դիմաց։ Բայց արդյո՞ք սա արդեն մեր իրականությունը չէ։
Սերիալը վիզուալ առումով գլուխգործոց է։ Lumon-ի գրասենյակները հիշեցնում են սառը, պատուհանազուրկ լաբիրինթոս՝ ռետրո-ֆուտուրիստական համակարգիչներով և խիստ կորպորատիվ կանոններով։ Ընկերության հիմնադիր Քիր Իգանի նկարները կախված են պատերին՝ գրեթե կրոնական խորհրդանիշների պես։ Ամեն ինչ տարօրինակ է՝ պաշտոնական արարողություններ, անհասկանալի առաջադրանքներ, վախեցնող զրույցներ ու թվեր։ Յուրաքանչյուր դրվագ մի հանելուկ է, որն ավելի է խորացնում առեղծվածը։ Սերիալը ոգեշնչված է հայտնի մեդիա և արվեստի գործերից, ինչպիսիք են առցանց քաղաքային լեգենդ The Backrooms-ը, The Stanley Parable խաղը, ինչպես նաև Office Space, The Truman Show, Being John Malkovich և Eternal Sunshine of the Spotless Mind ֆիլմերը: Dilbert կոմիքսների շարքը նույնպես նպաստել է շոուի թեմաների ձևավորմանը:
Հին ստեղծագործություններից, որոնք ազդել են սերիալի վրա, կարելի է նշել Ժան-Պոլ Սարտրի էքզիստենցիալ «Փակ դռների հետևում» պիեսը և Ջորջ Օրուելի «1984» վեպը: Տեսողական առումով Severance‐ը ներշնչված է Brazil, Dark City և Playtime ֆիլմերի էսթետիկայից:
Իսկ ի՞նչ է իրականում անում Lumon Industries-ը։
Lumon-ը հիմնադրվել է 1885 թվականին որպես բժշկական մածուկներ արտադրող փոքրիկ ընկերություն, բայց ժամանակի ընթացքում վերածվել է հսկայական բիոտեխնոլոգիական կորպորացիայի։ Այն գործում է 266 երկրում, իսկ գլխավոր գրասենյակը գտնվում է Քիր քաղաքում, որտեղ էլ ծավալվում է սյուժեն։
Ընկերությունը հետևում է Քիր Իգանի ուսմունքներին, որոնք պնդում են, որ մարդը պետք է ազատվի չորս էմոցիաներից՝ տխրություն, ոգևորություն, զայրույթ և վախ։ Lumon-ի աշխատակիցները դաստիարակվում են ըստ այս փիլիսոփայության, բայց այս ուսմունքի խորքում թաքնված է ինչ-որ շատ ավելի մութ բան։
💊 Դեղորայք, օճառ և… ջուր
Ըստ պաշտոնական աղբյուրների, Lumon-ը զբաղվում է մաքրության և առողջապահության ոլորտներով՝ թողարկում է օճառ, բժշկական քսուքներ, նույնիսկ մասնակցում է ջրի մաքրման նախագծերի։ Մի ամբողջ էջ «Քիրի քրոնիկներում» նվիրված է CEO Ջեյմ Իգանի մարդասիրական արշավին Աֆրիկայում։ Բայց երկրպագուները վստահ են՝ սա ընդամենը քողածածկույթ է։ Ոչ ոք չի հավատում, որ նման հսկայական կառույց գոյություն ունի հանուն օճառի։
🧪 Սոցիալական փորձարկումներ
«Բաժանման» պրոցեդուրան պարզապես «հարմար գործիք» չէ աշխատողների համար։ Դա՝ գերժամանակակից տեխնոլոգիա է՝ մարդկանց վրա փորձարկումներ կատարելու և նրանց ենթագիտակցությունը կառավարելու համար։ Մի քանի դրվագներում ակնարկվում է, որ նույնիսկ հղի կանանց բաժանում են, որպեսզի «էքստրան» չզգա ծննդաբերության ցավը։ Իսկ ո՞վ է կրում այդ ցավը։ Իհարկե՝ «ինթրան»։ Դե, նա հետո երբեք դա չի հիշի, բայց հիշողության պղտոր ստվերները կմնան…
🤖 Կլոնավորում և անհատի վերածնունդ
Սերիալը բազմիցս ակնարկում է, որ Lumon-ը կարող է վերակենդանացնել մարդկանց կամ վերականգնել նրանց գիտակցությունը՝ նոր մարմնում։ Հավանաբար հենց դա է տեղի ունենում Մարկի կնոջ՝ Ջեմմայի հետ։ Նա փաստացի մահացած է, բայց հիմա աշխատում է որպես Միսս Քեյսի՝ առանց որևէ հիշողության։ Ոմանք կարծում են, որ նա պարզապես կլոն է, իսկ մյուսները՝ որ դա փորձ է՝ ստեղծել արհեստական բանականություն՝ մարդու հիշողությունների ու «հոգու» հիմքով։
Հնարավոր է, որ հենց կլոնավորման համար էլ Lumon-ի սենյակներից մեկում այդքան շատ այծիկներ կան։ Նրանք կարող են լինել կենսաբանական փորձերի մաս՝ հնարավոր է, Lumon-ը փորձում է ստեղծել կամ վերստեղծել կյանք։ Այս սենյակը կարող է լինել նաև գաղտնի դիտարկման գոտի՝ պարզելու, թե ինչպես են աշխատակիցներն արձագանքում տարօրինակ և անտրամաբանական իրավիճակներին։ Սերիալի ստեղծողներն ասում են, որ սենյակը նախատեսված է եղել որպես անսպասելի տարր, որը պետք է շփոթեցնի ու անհանգստացնի։ Բայց հաշվի առնելով, թե որքան մանրակրկիտ է կառուցված սերիալի աշխարհը, հնարավոր է՝ սրա իմաստը դեռ ամբողջությամբ չենք բացահայտել։
📊 Մակրոդատաների գաղտնի նախագիծ
Աշխատակիցները, ըստ էության, օրերով զբաղվում են թվեր դասավորելով, բայց այդ թվերը երբեք չեն բացատրվում։ Ինչ-որ տեղ կան կասկածներ, որ այս տվյալները ծառայում են կորպորատիվ ալգորիթմներին, արհեստական բանականության «սնուցմանը» կամ նույնիսկ՝ հիմնադիր Կիր Իգանի գիտակցության թվային պահպանմանը։
🧠 Հոգեբանական մանիպուլյացիա ու քաղաքական ազդեցություն
Սերիալի վերջին դրվագներում պարզ է դառնում, որ ընկերությունը փորձում է օրինականացնել «Բաժանումն» ամբողջ աշխարհում։ Սա պարզապես անհատական որոշում չէ․ դա փորձ է՝ կառուցել նոր աշխարհ՝ բաժանված մարդկանցով, ովքեր չեն կարող հիշել, ով են իրականում։ Իսկ դա, մեղմ ասած, սարսափելի է։
Իսկ գուցե ամենից սարսափելին հենց այն է, որ նույնիսկ այս տեսություններից մի քանիսը կարող են իրական լինել… Իսկ ո՞վ է ստուգելու։ Չէ՞ որ «ինթրան» երբեք ոչինչ չի հիշում։
Մտքիդ հետ խաղացող հոգեբանական թրիլլեր
Severance չի տալիս հստակ պատասխաններ։ Այն խառնում է սև հումորը և էքզիստենցիալ սարսափը՝ ստիպելով հանդիսատեսին մտածել.
Արդյո՞ք կարելի է լիովին բաժանել աշխատանքային և անձնական կյանքը։
Եթե այդ հնարավորությունը լիներ, մենք կընտրեի՞նք այն։
Արդյո՞ք կորպորացիաներն արդեն շատ բան չեն խլել մեր կյանքից, ինքնությունից և ազատությունից։
Այս սերիալն անհանգստացնող է, խորը և կլանող։ Այն մշտապես խաղում է դիտողի ենթագիտակցության հետ, ամեն անգամ ավելացնելով նոր շերտեր։ 2-րդ սեզոնն արդեն ավարտվել է, իսկ 3-րդ սեզոնը, հուսով ենք, որ իրեն երկար սպասել չի տա, չէ՞որ մենք դեռ նոր ենք սկսել բացահայտել Lumon-ի իրական գաղտնիքները։
Ուրեմն, ո՞վ ես դու իրականում։ Իսկ կարո՞ղ ես վստահ լինել, որ քո գիտակցությունը դեռ ամբողջական է...