«Ավատար․ Կրակ ու մոխիր». ի՞նչ սպասել Ջեյմս Քեմերոնի նոր ֆիլմից
11-08-2025
Հիշո՞ւմ ես, երբ 2009-ին կինոթատրոններում հայտնվեց «Ավատարը»։ Այդ պահին աշխարհը բառացիորեն փոխվեց. 3D ձևաչափը դարձավ թրենդային, իսկ երկնագույնը՝ իրական էմոցիոնալ կապի խորհրդանիշ։ Ջեյմս Քեմերոնը՝ «Տերմինատորի» ու «Տիտանիկի» ռեժիսորը, ստեղծեց մի նոր տիեզերք, որտեղ բնությունն ավելի կենդանի էր, քան երբևէ, իսկ մարդկային ագահությունն՝ առավել իրական։
2025-ի դեկտեմբերի 17-ին այս պատմությունը կշարունակվի՝ «Ավատար․ Կրակ ու մոխիր» վերնագրով։ Եվ եթե առաջին երկու ֆիլմերում մենք տեսանք Պանդորայի ջրային ու անտառային աշխարհներն, ապա այս անգամ մեզ սպասվում է Նավիների նոր կլան՝ Մոխրի կլանը, որ ապրում է հրաբուխների մոտ ու տիրապետում է կրակին։
Քեմերոնը խոստանում է, որ նոր ֆիլմը մութ ու խորն է լինելու։ Բայց ոչ հորինված «լավերն ընդդեմ վատերի» բանաձևով։ Այստեղ նույնիսկ Նավիներն են միմյանց հակադիր՝ Մոխրի կլանը՝ ագրեսիվ ու վճռական, գալիս է հակադրելու նախորդ ֆիլմերում տեսած խաղաղ կլաններին։ Ռեժիսորը բացատրում է՝ կրակը ներկայացնում է զայրույթը, իսկ մոխիրը՝ դրա հետևանքները՝ վիշտ, կորուստ, պատերազմ։ Եվ այդ շրջապտույտը հենց այն է, ինչի շուրջ հյուսվում է պատմությունը։ Բայց, ինչպես միշտ, ֆիլմը միայն էֆեկտների մասին չէ։
🌀 Ընտանիք, կորուստ ու նոր հերոսներ
Պատմությունը սկսվում է անմիջապես երկրորդ մասի դեպքերից հետո։ Ջեյքն ու Նեյտիրին կորցրել են իրենց ավագ որդուն՝ Նեթեյամին։ Կորուստը հեռվացնում է նրանց իրարից․ մայրը փակվում է իր մեջ, իսկ նախկին զինվոր Ջեյքը՝ պատրաստվում է նոր պատերազմի։
Ֆիլմում կներկայացվեն նաև երկու նոր կերպարներ՝ Վարանգը՝ Մոխրի կլանի ղեկավարը (Ունա Չապլին) և Պեյլակը՝ Թլալիմ՝ քամու վաճառականների առաջնորդը (Դեյվիդ Թյուլիս)։
Իսկ ինչպե՞ս եղավ, որ 2009-ին առաջին ֆիլմի դուրս գալուց և այդքան մեծ աղմուկ բաձրացնելուց հետո անցավ 13 տարի մինչև նոր մասը՝ «Ավատար. Ջրի ուղին» և հետո ևս 3 տարի մինչև նոր սիքվելը։
Սիքվելների մասին Քեմերոնն առաջին անգամ խոսել է դեռ 2006-ին։ Բայց տեխնոլոգիաները դեռ չէին հասել այն մակարդակին, որ նա ուզում էր։ Դրանից հետո՝ կորոնավիրուս, գրողների գործադուլ, 20th Century Fox-ի վաճառք Disney-ին, երկար և դանդաղ աշխատանք… Եվ ահա՝ 2025-ին վերջապես հասնում ենք պատմության երրորդ մասին, որն ըստ ռեսժիսորի՝ լինելու է ավելի հուզիչ, ավելի ինտիմ ու ավելի տպավորիչ։
«Կրակ ու մոխիր»-ը լինելու է երկրորդ սիքվելը՝ չորսի մեջ։ Հաջորդ մասերը նախատեսվում են 2029 և 2031 թվականներին։ Եվ ինչպես Քեմերոնն է ասում՝ «Առաջին ֆիլմերը նախուտեստն էին, իսկ հիմնական ուտեստը դեռ առջևում է»։
Այս ամենն առիթ է վերադառնալու առաջին «Ավատար»-ին, վերհիշելու այն զգացողությունը, երբ առաջին անգամ սուզվեցիր Պանդորայի աշխարհի թաքնված վայրերը։
Դե, մինչ սպասում ես դեկտեմբերին՝ ԿինոՊարկի մեծ էկրանին կապույտ արարածներով մոգական աշխարհի պատմությունը դիտելուն, կարող ես վերանայել նախորդ երկու մասերը, թարմացնել հիշողությունդ ու պատրաստվել այս նոր ու կրակոտ արկածին։