Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

«Սատանան կրում է Պրադա 2»․ այն ամենն, ինչ հայտնի է սպասվող սիքվելի մասին

«Սատանան կրում է Պրադա 2»․ այն ամենն, ինչ հայտնի է սպասվող սիքվելի մասին

19-08-2025

«Սատանան կրում է Պրադա 2»․ այն ամենն, ինչ հայտնի է սպասվող սիքվելի մասին

😈 Վաղուց հայտնի փաստ է, որ Սատանան կրում է Պրադա։ Ոճային, հստակ մտածված ու գծված լուքեր, անթերի տեսք… այո, Միրանդա Փրիսթլիին նույնիսկ հենց ինքը, Սատանան կնախանձեր։
Նորաձևության և կինոարտադրության աշխարհներում որոշակի մշակութային կոդ դարձած «Սատանան կրում է Պրադա» ֆիլմը 2006-ին իրական հեղափոխություն կատարեց։ Փայլուն դերասանական կազմ, անգերազանցելի ոճ, ինտրիգներով լի սյուժե և նուրբ հումոր. էլ ի՞նչ է պետք համաշխարհային հիթ ստեղծելու համար։
Իսկ հիմա, գրեթե 20 տարի անց, պատմությունը վերադառնում է մեծ էկրան՝ նոր շնչով, նոր կոնֆլիկտներով և, իհարկե, նորաձևության ամենաթեժ պահերով։

📽 Ի՞նչ էր պատմում առաջին ֆիլմը

Հիմքը Լորեն Վայսբերգերի 2003 թվականի վեպն էր, որը մեծապես ներշնչված էր հեղինակի սեփական փորձից՝ աշխատելով Vogue-ի լեգենդար խմբագիր Աննա Վինտուրի օգնականի պաշտոնում։ Ֆիլմում մենք հետևում էինք երիտասարդ լրագրող Էնդի Սաքսին (Էն Հաթուեյ), որը հայտնվում է հեղինակավոր «Podium» ամսագրում՝ դառնալով սառը և անսասան Միրանդա Փրիսթլիի (Մերիլ Սթրիփ) օգնականը։ Սկզբում հեռու լինելով նորաձևությունից՝ Էնդին քայլ առ քայլ վերածվում է անփոխարինելի աշխատակցի՝ միաժամանակ հասկանալով, թե որքան բարձր գին ունի փայլուն կյանքի և կարիերայի գագաթնակետը։
Ֆիլմը ոչ միայն տպավորեց հանդիսատեսին, այլև դարձավ նորաձևության և կինոյի խաչմերուկի խորհրդանիշ։ Հիշո՞ւմ ես, օրինակ, այն լեգենդար մոնոլոգը կապույտ սվիտերի մասին, որով Միրանդան բացատրում էր, որ նույնիսկ այդ «պարզ» հագուստն անցել է նորաձևության համակարգի տասնյակ փուլերով։
Ի դեպ, «Սատանան կրում է Պրադա»-ի ազդեցությունը չի սահմանափակվել կինոյով։ 2025-ին Լոնդոնում բեմադրվեց նույնանուն մյուզիքլ՝ Էլթոն Ջոնի երաժշտությամբ։

📰 Ի՞նչ սպասել շարունակությունից

Սյուժեի պաշտոնական նկարագրություն դեռ չկա, բայց հայտնի է, որ կենտրոնում լինելու է հենց Միրանդա Փրիսթլին։ Տպագիր մամուլի անկման դարում նա ստիպված է պայքարել ամսագրի գոյատևման համար՝ փորձելով ապահովել խոշոր գովազդային գործարք լյուքս ոլորտի հսկայի հետ։ Հեգնական շրջադարձն՝ այդ ընկերությունում բարձր պաշտոն է զբաղեցնում նախկին օգնական Էմիլին (Էմիլի Բլանթ), որն ամենևին էլ չի շտապում օգնել իր երբեմնի դեսպոտիկ ղեկավարին։
Ինչ դեր կունենա Էնդի Սաքսն այս անգամ՝ դեռ գաղտնիք է։ Բայց ակնհայտ է, որ նախկին գործընկերների ճանապարհները նորից են հատվելու՝ լի դավադրություններով, հումորով ու, բնականաբար, շքեղ հագուստներով։

Ֆիլմում կրկին միասին ենք տեսնելու Մերիլ Սթրիփին, Էն Հաթուեյին, Էմիլի Բլանթին և Սթենլի Տուչիին։ Նոր դեմքերից՝ Քենեթ Բրանան կխաղա Միրանդայի նոր ամուսնուն, իսկ դերասանական կազմին կմիանան նաև Լյուսի Լյուն, Ջասթին Թերուն, Սիմոնա Էշլին և Պոլին Շալամեն։

Իսկ «Սատանան կրում է Պրադա 2»-ի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2026 թվականի ապրիլի 30-ին։

👗 Ֆիլմի ազդեցությունը

Առաջին ֆիլմի ոճային լուծումները դարձան 2000-ականների նորաձևության էսթետիկայի վիզուալ մանիֆեստը։ Կոստյումերի բաժնում ղեկին էր Պատրիսիա Ֆիլդը՝ «Sex and the City»-ի ոճային հեղափոխության հեղինակն ու այն մարդը, ով կարողացավ բարձր նորաձևության աշխարհը սեղմել երկու ժամանոց ֆիլմի մեջ։ Նրա շնորհիվ ֆիլմում Prada-ն, Chanel-ը, Valentino-ն և Jimmy Choo-ն ոչ միայն բրենդ էին, այլև պատմողական գործիք՝ ընդգծելու կերպարների զարգացումն ու փոխակերպումները։

«Սատանան կրում է Պրադա»-ն ազդեց ոչ միայն կինոարտադրության ոլորտի, այլև նորաձևության վրա․ այն դարձավ նորաձևության PR-ի յուրատեսակ դասագիրք։ Շատ դիզայներներ, որոնք այդ պահին դեռ նոր էին ոլորտում, ստացան լայն ճանաչում՝ ֆիլմում հայտնվելու շնորհիվ։ Ավելին, ֆիլմը նպաստեց, որ դասական-բիզնես ոճի հագուստը, հատկապես կանանց կոստյումները, վերածվեն ցանկալի fashion statement-ի, ոչ թե պարտադիր համազգեստի։

Սիքվելի ոճային վերահսկողությունը, ամենայն հավանականությամբ, կստանձնի Ֆիլդի իրավահաջորդ Մոլլի Ռոջերսը («And Just Like That…»), որն ակտիվորեն աշխատում է Instagram/TikTok սերնդի թրենդների հետ։ Այս անգամ «Սատանան» միայն Prada չի կրում․ կադրում երևում են Jacquemus, Miu Miu և այլ Gen Z ֆավորիտներ, ինչը հստակ ազդակ է՝ ֆիլմը փորձում է կապ հաստատել երիտասարդ հանդիսատեսի հետ։

Հաջողության դեպքում այն կարող է կրկին դառնալ ոճային բենչմարք, իսկ հակառակ դեպքում՝ կորցնել ազդեցությունը հիպեր-թրենդային բրենդների կարճատև փառքի մեջ։

Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ՝ «Սատանան կրում է Պրադա 2»-ը ոչ միայն ֆիլմի, այլև նորաձևության արդյունաբերության կարևոր իրադարձություն է լինելու։ Ամեն կադր, ամեն լուքի լուսանկար և նույնիսկ ամեն աքսեսուար դառնալու է քննարկման թեմա ու, հավանաբար, գնալու է վաճառքների կտրուկ աճի։

💬 Ինտերնետային արձագանքներ

Սոցիալական ցանցերը վաղուց լցված են քննարկումներով։ Ոմանք սպասում են սիրելի հերոսների վերադարձին, մյուսները մեղադրում են ստուդիային՝ նոստալգիայի վրա շահարկելու մեջ։ Ամենաշատը քննարկվել է Մերիլ Սթրիփի նկարներից մեկը, որտեղ Միրանդան ձեռքում պահում է վարդագույն, քարերով զարդարված ջրի շիշ։ Եվ, իհարկե, հումորն իր գործն արել է՝ X-ում (Twitter) օգտատերերը սկսեցին կեղծ «սեթից լուսանկարներ» հրապարակել, որտեղ պատահական հայտնի մարդկանց ներկայացնում էին իբր ֆիլմում նկարահանվող։
Այսպիսով, եթե առաջին ֆիլմը դարձավ սերնդի համար ոճի և ինքնաբացահայտման սիմվոլ, ապա «Սատանան կրում է Պրադա 2»-ը, ամենայն հավանականությամբ, ցույց կտա, թե ինչ է տեղի ունենում, երբ նույն հերոսները փորձում են գոյատևել մի աշխարհում, որտեղ գայթակղիչ շապիկն այլևս չի երաշխավորում ընթերցողի հավատարմությունը։

Իսկ մինչ սպասում ենք 2026-ի ապրիլին՝ «Սատանան կրում է Պրադա 2»-ը ԿինոՊարկի մեծ էկրանին դիտելու համար, գուցե արժե վերանայել առաջին ֆիլմը և նորից սուզվել Միրանդա Փրիսթլիի և Էնդիի բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր գործընկերային հարաբերությունների պատմություններում, վայելել 2000-ականների նորաձևությունն ու տրվել նոստալգիկ պահերին։

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը